«Ցնցված եմ». Փաշինյանը ցավակցել է Բեյրութի պայթյունից զոհվածների հարազատներին

Նիկոլ Փաշինյանը խորապես ցավակցել է զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում մաղթել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Լիբանանին` Բեյրութում տեղի ունեցած պայթյունի համար։
«Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունից։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում եմ մաղթում: Մենք հայտնում ենք մեր համերաշխությունն ու աջակցությունը Լիբանանի մեր եղբայրական ժողովրդին»,– գրել է նա։

Հիշեցնենք` Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում` նավահանգստի շրջանում, այսօր ուժգին պայթյուն է որոտացել։ Ինչպես պարզվեց պայթյունը որոտացել է Բեյրութի Բուրջհամուդ հայկական թաղամասի մոտ. վնասները շատ մեծ են։

Սկզբում կրակոց է լսվել, որից հինգ րոպե անց սև ու սպիտակ ծուխ է տարածվել։ Այնուհետև հզոր պայթյուն է որոտացել, և կարմիր ծուխ է նկատվել։ Բազմաթիվ օգտատերեր պայթյունի կադրերն արդեն սկսել են հրապարակել համացանցում։