Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ 535–ով և հասավ 29 820–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները։ Եվս 18 մարդ է մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 535–ով և դարձել 29 820։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում է ստանում 11708 (֊3) մարդ, կատարվել է 127171 (+2083) թեստավորում, առողջացել են վարակվածներից 17427–ը (+520)։ Գրանցվել է մահվան 521 (+18) դեպք։ Այլ պատճառներով մահվան դեպքերի ընդհանուր թիվն անփոփոխ է մնացել` 164։

Հուլիսի 7-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 29 285 էր:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է։ ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հուլիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Հունիսի 6–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստիպված են կրկին երկարացնել արտակարգ դրության ռեժիմը։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հունիսի 4-ից արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում փոփոխություններ և լրացումներ են ուժի մեջ մտել։ Այսուհետ բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ դնելը պարտադիր է։ Հանրային բաց վայրերում դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողներն ու ֆիզիկական վարժություններ անողները։

Հուլիսի 6-ին Փաշինյանը պարետատան նիստից հետո հայտնեց, որ հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով։