Պատմությունը չես փոխի․ ինչպես հայերը փրկեցին հրեական ընտանիքը

Բեուրկջյանները հասկանում էին, թե ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ իրենց ընտանիքի համար, բայց օգնության հասան հրեա ընկերներին։ Չէ՞ որ հայերից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում հալածվել հենց միայն սեփական ազգի ներկայացուցիչը լինելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հայերը հաճախ են հետևում սրտի ձայնին՝ վտանգելով կյանքը։ Հոլոքոստի և Հերոսության իսրայելական հուշահամալիրի՝ «Յադ վա-Շեմ»-ի ցուցակում հրեաներին նացիստներից փրկած հարյուրավոր հերոսների շարքում 21 հայի անուն կա։ Նրանք 1915թ-ին հրաշքով են փրկվել թուրքական յաթաղանից, տեղափոխվել Ֆրանսիա և, վտանգելով իրենց կյանքը, 1941-ին հրեա ընտանիքիներ են փրկել նացիստների հաշվեհարդարից։

Էրդողանն ընդդեմ Հայոց ցեղասպանության, կամ ինչից է այդքան վախենում Անկարան

The Armenian Weekly պարբերականը ներկայացնում է նրանցից երկուսի պատմությունը, որոնք, վտանգելով սեփական կյանքը, փրկել են հրեաներին։ Երվանդ և Էլբիս Բեուրկջյան ամուսիններն ապրում էին Փարիզի հյուսիս-արևմտյան շրջանում, ունեին 10 տարեկան որդի՝ Ալֆրեդ-Ֆրանսուան։ Երվանդը ազնիվ ու պարկեշտ մարդ էր, որն օրուգիշեր աշխատում էր ընտանիքը պահելու համար։

Նույն թաղամասում ապրում էին Ժոզեֆ և Հելեն Գոլդհամմերները, նրանք մանկական հագուստի խանութ ունեին։ 1941 թվականին հրեա զույգը զրկվեց խանութից, քանի որ հունիսին ուժի մեջ մտավ հրեաների ունեցվածքի «արիականացման» մասին օրենքը։ Նրանց խանութը փոխանցվեց մի ֆրանսիացու, որը համագործակցում էր գերմանացիների հետ։ Զույգը մնաց առանց ապրուստի միջոցի, նրանք հանձնեցին իրենց բնակարանը և տեղափոխվեցին ապրելու նույն շենքի ձեղնահարկում։

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին

1942 թ-ին Փարիզում սկսվեցին հրեաների զանգվածային ձերբակալությունները։ Ձերբակալվեց 13 152 մարդ, որոնցից 4115-ը երեխաներ էին։ Բոլորին ուղարկեցին Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար։ Ժոզեֆն ու Հելենը հրաշքով խուսափեցին ձերբակալությունից, բայց գիտեին, որ ոստիկանությունը շուտով կգտնի իրենց, և հաշվերահարդարն անխուսափելի կլինի։

Այդ ժամանակ հրեա զույգին օգնության հասավ հայ ընտանիքը։ Պատերազմից առաջ Երվանդը Գոլդհամմերների մանկական խանութի մշտական հաճախորդն էր։ Տեղեկանալով կատարվածի մասին, Երվանդն ու Էլբիսը որոշեցին թաքցնել նրանց իրենց բնակարանում։

Բեուրկջյանները հասկանում էին, թե ինչպիսի հետևանքներ դա կարող է ունենալ իրենց ընտանիքի համար, բայց օգնության հասան հրեա ընկերներին։ Չէ՞ որ հայերից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է նշանակում հալածվել հենց միայն սեփական ազգի ներկայացուցիչը լինելու համար։

Բեուրկջյանների բնակարանը փոքր էր, բոլորը ստիպված էին ապրել մի սենյակում։ Հրեա ընտանիքը մոտ 8 ամիս ապրեց նրանց տանը։ Ավելին՝ փոքրիկ Ալֆրեդ-Ֆրանսուան գրեթե օրուգիշեր հսկում էր դրսում, որ նախազգուշացնի ծնողներին, եթե հանկարծ փողոցում ոստիկանական մեքենա հայտնվի։

Թուրքիայի հեղինակությունն ընկնում է. ի՞նչ կապ ունի Հայոց ցեղասպանության հարցը

1943 թվականին նացիստները հայտարարեցին, որ բոլոր նրանք, ովքեր տեղեկություններ են թաքցնում հրեաների գտնվելու վայրի մասին, խիստ կպատժվեն։ Գոլդհամմերները, իրենց բարերարներին դժբախտություն չբերելու համար հեռացան նրանց տնից և կարողացան թաքնվել մինչև Փարիզի ազատագրումը՝ 1944 թ-ն։

Պատերազմից հետո երկու ընտանիքները կրկին հանդիպեցին և մնացին հավերժ բարեկամներ։ Ավելի ուշ Ժոզեֆն ու Հելենը տեղափոխվեցին Իսրայել, բայց երբեք չմոռացան հայ ընտանիքի բարությունը։ Իսկ 1982 թվականին արդեն մեծահասակ Ալֆրեդ-Ֆրանսուան այցելեց Իսրայել և գտավ Հելեն Գոլդհամմերին, որն արդեն 82-ամյա ծեր կին էր։ Նույն տարում «Յադ վա-Շեմ» թանգարանը Երվանդ և Էլբիս Բեուրկջյանների անունը գրանցեց իր՝ «աշխարհի ժողովուրդների հերոսների և արդարամիտների» ցուցակում։ Ցուցակը սկսվում է 3000-ամյա հրեական աղոթքի մի նախադասությամբ․ «Նա, ով մի հատիկ հոգի է փրկում, փրկում է ողջ տիեզերքը»։

«Միայն արյան հոտը կարող է ձեզ սթափեցնել». մեկ դար անց թուրքի նամակը Կոմիտասին