ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր դիմել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին։ ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ դատավորը ԲԴԽ նախագահին հասցեագրված դիմումում նշել է, թե հունիսի 18-ին իր կայացրած որոշումից հետո մի շարք լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում իր և իր ընտանիքի անդամների հասցեին սկսել են տարածվել վիրավորանք և սպառնալիք պարունակող բազմաթիվ գրառումներ: Նման բովանդակության հաղորդագրություններ են ուղարկվել նաև դատավորի՝ սոցիալական ցանցի անձնական էջին։
Նշենք, որ Արսեն Նիկողոսյանի որոշմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի երկու միլիարդ դրամի չափով գրավի դիմաց։
«Ստացված դիմումի քննարկման համար այսօր՝ ժամը 14.00-ին, դատավոր Ա. Նիկողոսյանը հրավիրվել է Բարձրագույն դատական խորհուրդ: Լսելով դատավորին և քննարկելով ստացված դիմումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դիմել ՀՀ ոստիկանություն՝ դիմումը հիմք ընդունելով համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար»,- նշված է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։
«Որևէ խնդիր չի առաջանա». Քոչարյանի պաշտպանը` գրավի համար 2 մլրդ դրամը վճարելու մասին
Հիշեցնենք՝ երեկ Վերաքննիչ դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը նշեց, որ դատարանի որոշմամբ Երևանի առաջին ատյանի դատարանի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանվել է։ Դատարանը որոշեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակել, իսկ առաջին ատյանի դատարանի` անձնական երաշխավորությանն առնչվող որոշումը թողնել անփոփոխ։ Որպես գրավ դատարանի դեպոզիտ հաշվին պետք է փոխանցվի 2 մլրդ ՀՀ դրամ։
Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քոչարյանին գրավով ազատելու գումարի չափը` 2 մլրդ դրամ, ՀՀ պատմության մեջ աննախադեպ է։
«Իմ քայլը» գտել է Հրայր Թովմասյանին պաշտոնից ազատելու տարբերակը
Դեռ մայիսի 8-ին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատական նիստում ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր միջնորդությունը։ Այս որոշումն էլ Վերաքննիչում բողոքարկել էին Քոչարյանի պաշտպանները։
Հիշեցնենք` երեկվա դատական նիստում Քոչարյանը պատասխանել էր դատավորի հարցերին` ասելով, որ իր կենսագրությունից ելնելով մի բրենդ է ձևավորվել, ըստ որի` ինքը փախչողը չէ։ Այդ բրենդի խաթարմանն ուղղված որևէ քայլ Քոչարյանը չի պատրաստվում անել։
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։
Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է` նմանը չկա միջազգային փորձում. Վարդևանյան