Դատարանի բակում լարված իրավիճակ է. Վանեցյանը եկել է աջակցելու Ծառուկյանին

Դատարանի բակում են նաև ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունների անդամները, որոնք ևս նշեցին, որ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Գագիկ Ծառուկյանին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի –Sputnik. Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտից ոստիկանությունը բերման ենթարկեց ԲՀԿ երիտթևի մի քանի անդամների, որոնք փորձում էին ի նշան բողոքի փակել Արշակունյաց պողոտան:

«Պատրաստ ենք ցանկացած սցենարի». ԲՀԿ–ի երիտթևի ներկայացուցիչներին բերման ենթարկեցին

Ակտիվիստներին բերման ենթարկելուց հետո ակցիան դադարեցվեց:

Դատարանին հարակից տարածքը բավական բազմամարդ է: Ոստիկանները պարբերաբար զգուշացնում են պահպանել սոցիալական հեռավորություն:

Դատարանի բակում է նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողը քաղաքական ենթատեքստ ունի ու քաղաքական պատվեր է: Նրա խոսքով` քաղաքական պատվեր են նաև ԲՀԿ նախկին պատգամավոր Էդուարդ Բաբայանի և «Մուլտի Գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի նկատմամբ մեկ տարի առաջ հարուցված քրեական գործերը:

«Վերջին շրջանում ՀՀ-ում իրականացվող ապօրինի ու քաղաքական նպատակ հետապնդող հետապնդումները կարող են հիմք տալ մտածելու, որ իմ նկատմամբ ևս կիրականացվի որևէ գործողություն»,- ասաց Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե մտավախություն չունի՞ արդյոք, որ իր նկատմամբ էլ քաղաքական ճնշումներ կլինեն:

Վանեցյանը նշեց, որ օրինական ճանապարհով իր նկատմամբ քրեական որևէ հետապնդում լինել չի կարող, քանի որ ինքը ոչ մի ապօրինի բան չի արել:

Փաշինյանը խոսեց «անգլուխ» մնացած նախարարությունից ու «ղազագիր» գրած քաղաքական գործիչներից

Նշենք, որ դատարանի բակում են նաև ՀՅԴ և «Մեկ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունների անդամները, որոնք ևս նշեցին, որ եկել են իրենց աջակցությունը հայտնելու Գագիկ Ծառուկյանին:

Հիշեցնենք, որ ԱԺ–ն երեկ որոշեց Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկել ու թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։
ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը:

Հայտնի է, թե ինչ քրգործի շրջանակներում է հարցաքննության ծանուցում ստացել Ծառուկյանի որդին

Դեռ հունիսի 14-ին Ծառուկյանի հարցաքննության ընթացքում ԱԱԾ-ն հանդես եկավ մի քանի պաշտոնական հայտարարություններով, որտեղ ներկայացրեց Ծառուկյանի նկատմամբ կատարված քննչական գործողությունների իրավական հիմքերն ու հարուցված 3 քրեական գործեր:

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:

Իսկ երրորդ քրեական գործը վերաբերում է Կոտայքի Առինջ համայնքում Ծառուկյանին պատկանող «Նյու» ընկերությանն օտարված հողատարածքին: Առինջի գյուղապետի ու ավագանու անդամների անօրինական որոշումների արդյունքում, ըստ գործի, համայնքին պատճառվել է շուրջ 400 մլն դրամի վնաս: Երեք քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Երեկ ԱԱԾ-ն հանդես եկավ նաև չորրորդ քրեական գործի մասին հայտարարությամբ, որը վերաբերում է արդեն 2017թ-ի Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի կատարած ընտրախախտումներին:

Ով իր շահի մասին է մտածում, նա դավաճան է. Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ–ի շենքից