ՌԱԴԻՈ

Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը անշարժ գույքի շուկայի վրա. Ապրիյան

Անշարժ գույքի գնահատմամբ ու վաճառքով զբաղվող «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Էդուարդ Ապրիյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կորոնավիրուսով պայմանավորված անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող գործընթացների մասին։ 
Sputnik
Ի՞նչ ազդեցություն է ունեցել կորոնավիրուսը անշարժ գույքի շուկայի վրա. Ապրիյան

Էդուրադ Ապրիյանի դիտարկմամբ` որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես է աշխատում ամբողջ համակարգը, արդյոք կա անկում, թե աճ, պետք է պարզել, թե ովքեր են շուկայի մասնակիցները և ինչպիսի վարքագիծ են դրսևում ստեղծված իրավիճակում։ Ըստ այդմ` շուկայում կան չորս տարբեր խմբերի գնորդներ և վաճառողներ։

«Վերցնենք, օրինակ, ֆինանսական գնորդների ու վաճառողների խումբը։ Վաճառողն իր հերթին, ֆինասական պայմաններից ելնելով, պետք է գույքը վաճառի, ընդ որում` շատ արագ։ Նույն կերպ գնորդը, որն ունի սահմանափակ բյուջե, նախանշում է իր գումարն ու ասում, որ պատրաստ է առևտուր անել այդ գումարի շրջանակում։ Դա նշանակում է, որ եթե գնորդին առաջարկենք փոքր–ինչ ավելի լավ որակով բնակարան, փոքր–ինչ ավելի բարձր գնով, նա չի կարող իրեն նման բան թույլ տալ»,– նշում է Ապրիյանը։  

Զգայուն ակնկալիքներն ու անշարժ գույքի շուկան․ ինչ սպասել 2020–ին

Նրա տեղեկացմամբ` մյուս երեք խմբերում են կենցաղային, ներդրումային և ստատուս գնորդները, և նրանցից յուրաքանչյուրի համար կարևոր են որոշակի առավելություններ։ Հիմա շուկայում դոմինանտ են կենցաղային գնորդները` կազմելով 40-45 տոկոսը, այսինքն` այն գնորդներն են, ովքեր նախընտրում են կենցաղային պայմանները, դրանք դարձնում են դոմինանտ և նախընտրում են ավելի հարմարավետ բնակարաններ կամ առանձնատներ, որովհետև նրանց համար նախևառաջ կարևոր են կենցաղային պայմանները։ 

«Եթե նրանց ավելացնենք ֆինանսական գնորդների մի հատվածին, որոնց համար եկամտային հարկի վերադարձման շնորհիվ հնարավոր է ձեռք բերել բնակարան նորակառույց շենքերում, ապա անշարժ գույքի շուկայում հստակ է դառնում հենց կենցաղային գնորդների ակտիվությունը»,– Ապիրյանը։   

Նրա խոսքով` առկա իրավիճակում զգալի անկում է գրանցվել ստատուս գնորդների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել թանկարժեք գույք մայրաքաղաքի կենտրոնում, օրինակ` Հյուսիսային պողոտայում։ Նրանց մոտ սպասողական վիճակ է, սպասում են շուկայի հետագա զարգացումներին, որպեսզի իրենց համար պարզեն, թե որքանով է արդարացված նման անշարժ գույքի ձեռք բերումը նման շուկայական պայմաններում և ստեղծված իրավիճակում։

Իսկ ներդրումային գնորդների առնչությամբ, որոնց հիմնական նպատակը գույք ձեռք բերելն է հետագայում այն վերավաճառելու կամ վարձակալության հանձնելու նպատակով, Էդուարդ Ապրիյանը նշում է, որ նրանց մոտ նույնպես նկատվում է որոշակի պասիվություն։

Գևորգյան. «Թանկարժեք բնակարանատերերը շատ կվճարեն, դղյակ ունեցողները՝ ավելի շատ»

«Թե՛ ստատուս գնորդներին, թե՛ ներդրումային գնորդներին կորոնավիրուսից առաջ էլ բաժին էր հասնում անշարժ գույքի շուկայի ընդհանուր գործարքների 20-25 տոկոսը։ Այս պարագայում դինամիկ կերպով աճ եմ տեսնում նորակառույց շենքերի կառուցապատման առումով, և տա Աստված, որ բացասական ազդեցություն չլինի այս գործընթացի վրա»,– նշում է է «Ռեդ գրուպ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրենը։

Ապրիյանի գնահատմամբ` անշարժ գույքի երկրորդական շուկան փոքր–ինչ կաղում է, որովհետև նորակառույց շենքերն ավելի որակով են ընկալվում, ինչին գումարվում է նաև եկամտահարկը վերադարձնելու հանգամանքը, քանի որ եկամտահարկի վերադարձը շատերին մղում է հենց նորակառույց շենքերում բնակարան գնելուն, հետևաբար երկրորդական շուկայի անկումն այդքան էլ պայմանավորված չէ կորոնավիրոսով։