Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատի են տվել ՀՀ առողջապահության նախարարությանը

Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է իր պաշտպանյալի առողջական վիճակին, բուժման գործընթացն արտասահմանում կազմակերպելու արգելքին և այդ առթիվ ներկայացված հայցին։
Sputnik
Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատի են տվել ՀՀ առողջապահության նախարարությանը

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանները վարչական դատական հայց են ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է»,–ասաց նա:

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված մեքենաներն ու սնունդը փոխանցվել են ԵԿՄ–ին

Լևոն Բաղդասարյանը տեղեկացրեց նաև, որ հայցադիմումը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին: Նա նշեց, որ իրենք գիտակցում են, որ վարչական դատարանում նիստերը կարող են տարիներ տևել, այդ պատճառով դատարան են դիմել ավելի շատ իրավունքի խախտումը արձանագրելու և ՄԻԵԴ դիմելու համար:

«Առողջապահության նախարարին խնդրեցինք, որ հիմք ընդունի փաստաթղթերը, կարծիք–եզրակացություն հայտնի, թե հնարավո՞ր է Մանվել Գրիգորյանին տեղափոխել այլ երկիր, կամ եթե գտնում է, որ թղթերը բավարար չեն, հրավիրի նոր բժշկական կոնսիլիում և տա նոր կարծիք։ Առողջապահության նախարարությունը մեզ պատասխանեց, թե քանի որ գործը դատարանում է, չի ներկայացնի առողջապահական գործողություններ։ Սա ակնհայտ անհիմն, ոչ իրավաչափ պատասխան էր, բայց մենք էթիկայի նորմը պահելով` պատասխանն ուղարկեցինք այն դատարանին, որտեղ լսվում է Մանվել Գրիգորյանի քրեական գործը»,– նշում է փաստաբանը։ 

Համայնքապետներն ուզում են Մանվել Գրիգորյանից հետ ստանալ իրենց հողերը. 40 գործարք է եղել

Դրանից հետո ևս մեկ գրություն է ուղարկվել, որն առողջապահության նախարարությունն ուղարկել է արդարադատության նախարարությանը։ Փաստաբանի խոսքով` այնտեղ էլ արձանագրել են, որ դա առողջապահության նախարարության ֆունկցիան է։

Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ` Մանվել Գրիգորյանի պահով ՄԻԵԴ–ն իրականացրեց անհապաղ միջոցառումներ։ Դրանցից մեկի համաձայն` առաջնահերթության կարգով լսվելու  էր պաշտպանական կողմի գանգատը դաժան վերաբերմունքի, խոշտանգման փաստի ու անօրինական կալանքի հետ կապված։ Երբ կալանքը փոխեցին, ՄԻԵԴ–ը տեղեկացրեց, որ գործը, միևնույն է, գտնվում է իր վարույթում։ Ըստ փաստաբանի` խնդիրն այն է, որ Առողջապահության նախարարն այնուամենայնիվ պետք է տա հստակ պատասխան` արդյո՞ք հնարավոր է Մանվել Գրիգորյանին բուժել Հայաստանում, թե ոչ։ Բայց քանի որ նախարարությունում լավ գիտեն Գրիգորյանի առողջական վիճակի մասին, խուսափում են հետագա պատասխանատվությունից` հարցը գցելով մեկմեկու վրա։   

Բաղդասարյանի խոսքով` իրենք հիմա փորձում են առողջապահության նախարարության անգործությունը վիճարկել վարչական դատարանում։

Հիշեցնենք` Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ  37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Մանվել Գրիգորյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով նրա առողջական վիճակից, որոշեց  խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: