Տարածաշրջանում դիմակների ամենամեծ արտադրամասը Տավուշում է. խոստանում են` գինը կիջնի

Մայիսի 25-ից Հայաստանում «դիմակային ռեժիմ» կգործի, իսկ դրա համար պետք է պաշտպանիչ դիմակների պակաս չլինի։ Թե ինչպես է աշխատում դիմակների ամենախոշոր արտադրամասը Հարավային Կովկասում, դիտեք մեր տեսանյութում։
Sputnik

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում գտնվող ձեռնոցների արտադրամասը մոտ երկու շաբաթ առաջ վերապլոֆիլավորվել է ու դարձել եռաշերտ բժշկական դիմակների արտադրամաս։ Հաստոցների ձայնն այստեղ 24 ժամ չի լռում։

Օրական արտադրվում է 300 հազար դիմակ։

«Իրացման շուկայի խնդիր, բնականաբար, չունենք, ավելին՝ արդեն պատվերներ ենք ստանում Հարավային Ամերիկայից և Եվրոպայից։ Բայց առայժմ միայն տեղական շուկա ենք մատակարարում, որպեսզի նորից դիմակների պակաս չառաջանա»,-պատմեց «Տավուշ տեքստիլ» ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը։

Հիմա ձեռնարկությունում իսրայելական և ռուսական բարձրորակ հումք են օգտագործում։ Մեկ դիմակի ինքնարժեքը կազմում է մոտ 110 դրամ, մինչդեռ դեղատներում եռաշերտ դիմակն արժե նվազագույնը 230 դրամ։ Եզեկյանը հասկանում է, որ չորս հոգանոց ընտանիքի համար նման արժեքով դիմակներ գնելը, այն էլ ճգնաժամի պայմաններում, մեծ ծանրություն է ընտանեկան բյուջեի համար։

Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում

Այդ պատճառով ընկերությունը փորձում է ավելի էժան, բայց որակյալ հումք գտնել, որպեսզի հայկական արտադրության դիմակների արժեքը նվազի։

Արտադրամասում երեքանգամյա հերթափոխով 180 մարդ է աշխատում։ Բոլորը տեղի բնակիչներ են։ Յուրաքանչյուր աշխատակից օրական մոտ երեք հազար դիմակ է կարում։ Աշխատակիցների միջին աշխատավարձը 150 հազար դրամ է։ Սահմանամերձ Տավուշի մարզի համար սա լավ ցուցանիշ է։ Իսկ եթե հաջողվում է կատարել արտադրական պլանը՝ օրական 3700 դիմակ, ապա աշխատակիցը բոնուսներ է ստանում։

Նշենք, որ մայիսի 25-ից Հայաստանում դիմակ կրելը պարտադիր կլինի, այդ թվում՝ հասարակական վայրերում։ Օրենքի համաձայն՝ հասարակական վայրում դիմակի բացակայության դեպքում քաղաքացիներին 10 հազար դրամ տուգանք է սպառնում։

Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ