Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա
Հայերին թալանելն ու նրանց ունեցվածքին տիրանալը եղել է թուրքական ջարդերի կարևոր բաղկացուցիչ մասերից մեկը։ Այդպես էր նաև 1918թ.-ի Ալեքսանդրապոլի օկուպացիայի օրերին։ Sputnik Արմենիային հետ զրույցում քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ներկայացրել է թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի մեծահարուստներին պատկանող ունեցվածքի թալանի մասին փաստերը:
Ինչպես հայտնի է, 1918 թ. մայիսի 15-ին թուրքական զորքերը գրավեցին Ալեքսանդրապոլ (այսօր՝ Գյումրի) քաղաքն ու համանուն գավառի մեծագույն մասը։ Շուրջ 6 ամիս այն մնաց թուրքական օկուպացիայի տակ:
Օկուպացիայի այդ օրերին` 1918թ. սեպտեմբերի 4-ին, Ալեքսանդրապոլում բացվում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, որը գործում է մինչև 1919թ. հունվարի 25-ը: Ներկայացուցչության հիմնական նպատակը թուրքերի հետ հարաբերվելը, բանակցություններ վարելն ու ՀՀ կառավարության տեսակետները ներկայացնելն էր: «Այս ժամանակների մասին ներկայացված են ոչ միայն թերթերում, այլ նաև պաշտոնական զեկուցագրերում ու վկայություններում: Թուրքերի հետ հարաբերվելու նպատակով ստեղծված ՀՀ արտաքին գործերի նախարարության այս ներկայացուցչության ղեկավարը`Գևորգ Խոյեցյանը, մանրամասն զեկուցագրեր է գրել` ներկայացնելով թուրքական գործողություններն Ալեքսանդրապոլում և Ալեքսանդրապոլ գավառում»,-նշում է Դերենիկ Մալխասյանը:
Խոյեցյանի ներկայացրած զեկուցագրերից մեկը վերաբերում է մեծահարուստ Յուզբաշովներին պատկանող հարստության թալանին, որը հովանավորվել է թուրքական զինվորական հրամանատարության կողմից:
Յուզբաշովն առաջին գիլդիայի առևտրական էր: Քաղաքում ուներ շինանյութի մեծ խանութ: Ի դեպ, նրան պատկանող մի քանի շինություն մինչ այսօր կանգուն են Գյումրու կենտրոնում: Գյումրու Աճեմյան փողոցի վրա գտնվող կառույցը, որը եղել է Յուզբաշովների առանձնատներից մեկը, կից ունեցել է շինանյութի ապրանքների խանութ կամ պահեստ: Օկուպացիայի ժամանակ թալանվել է նաև այդ խանութը։ Այդ ժամանակ Յուզբաշովը գտնվել է Թիֆլիսում։ Վերադառնալով Ալեքսանդրապոլ` նա դիմել է տեղական իշխանություններին՝ իր ունեցվածքը վերադարձնելու պահանջով:
«Չունենալով հրաժարվելու պատճառ ՝ թուրքական պատվիրակության նախագահ Խալիլ բեյը հանձնարարում է վերադարձնել ունեցվածքը։ Սակայն ըստ Խոյեցյանի, Յուզբաշովին չի վերադարձվել ունեցվածքը՝ այն պատճառաբանությամբ, որ Յուզբաշովի ընտանիքն այդ պահին փախստական է՝ գտնվում է Թիֆլիսում ու հետ չի վերադարձել Ալեքսանդրապոլ»,-պատմում է Դերենիկ Մալխասյանը` հավելելով, որ թալանված ունեցվածքը հետ վերադարձնելու փոխարեն, փաստ ընդունելով այն, որ Յուշբաշովի փաստաթղթի ժամանակը լրացած է, նրան ոստիկանների ուղեկցությամբ նստեցնում են գնացք ու կրկին ուղարկում Թիֆլիս:
Առեղծվածային բերդ ու գանձերի փողոց. Գյումրիում պարտադիր այցի վայրերի հնգյակը. լուսանկարներ
Այս փաստին անդրադարձել է նաև արձակագիր, հասարակական գործիչ Ատրպետը, որը «Մշակ» թերթում նկարագրել է թուրքական թալանը՝ այդ թվում նաև Յուզբաշովների խանութի: «Ատրպետը նշել է, թե ինչ «քաղաքակիրթ» ձևով են թուրքերը նախ խանութի կահ-կարասու թալանը կազմակերպել, ապա պատը ծակել ու ավելի թանկարժեք իրեր գողացել: Ի դեպ, առաջին շրջանում թուրքերը թալանել են այն մեծահարուստների տները, ովքեր օկուպացիայի շրջանում իրենց դռները փակել ու հեռացել են Ալեքսանդրապոլից»,-պատմում է Դերենիկ Մալխասյանը:
Թուրքական խորամանկ թալանի օրինակներից էր իբրև հայ գեներալների` Ալեքսանդրապոլ այցի նպատակով մեծահարուստներից արժեքավոր իրերի՝ այդ թվում նաև սպասքի պարագանների, լամպերի ու անկողնային ու այլ իրերի հավաքումը։ Ըստ Ատրպետի, այդ իրերն այդպես էլ հայ գեներալներին չեն հասնում: Մեկնաբանը սրան իր բացատրություն է տալիս. «Բարբարոս թուրքերը, որ եկել հասել էին մի քաղաք, որը քաղաքային միջավայր ունեցող էր, չէին կարող այդ ճոխությունը թալանելուց զերծ մնալ: Ատրպետի տեղեկություններով` թուրքերը երկաթուղով ու սայլերով Կարս են ուղարկել թալանը. ամեն ինչ` ռազմամթերքից մինչև կենցաղային իրեր»:
Թուրքերը պետք է հավերժ երախտապարտ լինեն ճապոնացիներին. Ստալինգրադի հաղթանակն ու հայի բախտը
Վիճակագրություն, թե ստույգ ինչ ծավալների է հասել թալանը, չկա, քանի որ խոսքը ոչ միայն մեծահարուստների տներին է վերաբերում, այլ նաև դրամատներին: Բաթումի, այսպես կոչված, հաշտության և բարեկամության պայմանագրով, որը կնքվեց Օսմանյան կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև, նախատեսվում էր հետ վերադարձնել թալանի մի մասը, սակայն ինչպես շատ դեպքերում, սա ևս մնաց թղթի վրա: