Բոլորս՝ երեխա ունենալու. կառավարությունը ընտանիքներին կօգնի բնակարան ձեռք բերել

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ-ի ծրագրերը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. 2020թ-ի հուլիսի 1-ից հետո Հայաստանում կառավարության հաշվարկով պետք է ծնվի 300 երեխա: Նման նպատակ են հետապնդում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ-ի ծրագրերը»:

Պետությունը հիփոթեքային 3 նոր ծրագիր կիրականացնի 2020թ–ից. Սմբատ Սաիյան

Ծրագրերը կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով՝ նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ դրանց հիմնական նպատակը սոցիալական աջակցությունից զատ նաև ծնելիության խթանումն է:

«Ծրագիրը կսկսի գործել 2020 թվականի հուլիսի 1-ից հետո ձեռք բերվող բնակարանների համար և ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխաներ և որտեղ երեխաներ են ծնվել հուլիսի 1-ից հետո»,- ասաց Բաթոյանը:

Բնակարանների ձեռքբերման պետական ծրագրի համար բնակարանի առավելագույն շուկայական արժեք է սահմանվել 30 մլն դրամը: Իսկ շահառուի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով գումարը կավելանա ևս 5 մլն դրամով:

2019–ին Նարեներն ու Դավիթները «հաղթել» են բոլորին

Պետական աջակցությունը ենթադրում է կանխավճարի վճարման աջակցություն՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող բնակարանների համար բնակարանի արժեքի մինչև 10 % -ի չափով, առաջնային շուկայից ձեռքբերվող բնակարանների համար՝ մինչև 7,5 %:

Բնակարան ձեռք բերած ընտանիքում յուրաքանչյուր նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ դրամական աջակցությունն ամբողջությամբ կուղղվի հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։

Հայաստանում հիփոթեքային վարկերի թիվն աճել է. ինչն է ուրախացրել Փաշինյանին

Ծրագրի քննարկման ժամանակ կառավարության նիստում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հետաքրքրվեց, թե արդյոք այս պայմանները տարածվելու են նաև զինծառայողների բնակապահովման արդեն գործող ծրագրերի վրա: Պարզվեց՝ հարցը ծրագրի հեղինակները չէին դիտարկել:

«Ես խնդրում եմ դա ճշտենք, պարոն վարչապետ, թե չէ բանակն ինձ կգրոհի»,- ասաց Տոնոյանը:

Վարչապետը ծիծաղեց․ «Բա մենք էլ դա ենք ուզում, որ բանակը գրոհի, բայց այլ ուղղությամբ»։

Այնուհետև Փաշինյանը ֆինանսների նախարարին հանձնարարեց՝ ճշգրտել զինծառայողների՝ ծրագրի շահառու հանդիսանալու հարցը:

«Լսում են` 12 երեխա ունենք, հեռախոսն անջատում են». Բեժանյանները կարող են դրսում հայտնվել

«Այսքանից հետո մնում է միայն կարգախոսն էլ հաստատենք. «բոլորս՝ երեխա ունենալու»,- կատակեց վարչապետը։ Կառավարությունը միաձայն հաստատեց առաջարկված ծրագրերի փաթեթը:

Նշենք, որ ծրագրի իրականացման արդյունքում 2020 թվականին նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառու ընտանիքների, կանխավճարի ապահովագրությունն տրամադրել 540 շահառուի և երեխայի ծննդյան աջակցություն տրամադրել 300 շահառուի։

Պետությունը սոցիալական աջակցություն կտրամադրի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին