ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել 23 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Որոշում է կայացվել մեղադրանք առաջադրված անձանցից 4-ին ձերբակալել: Նրանցից 1-ին մեղադրանք է առաջադրվել՝ 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գավառի Ազատության փողոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում առերևույթ սպանության փորձերի համար: Վերջինս կալանավորվել է:
Բացի այդ, հայտնաբերվել են միջադեպին և փոխհրաձգությանը մասնակցած անձանց ավտոմեքենաներից 10-ը, որոնք խուզարկվել են․ նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Հայտնաբերվել է նաև դեպքի ժամանակ նշված անձանց մոտ գտնված զենքերից 2-ը, որոնցով ևս փորձաքննություններ են նշանակվել:
Հիշեցնենք, որ վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 6-րդ կետի, 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 225-րդ հոդվածի (զանգվածային անկարգություններ) 2-րդ մասի հատկանիշներով։
Սպանություններից ու հարձակումից հետո ի՞նչ էր կատարվում Գավառում. լուսանկարներ
Քրեական գործերը միացվել են մեկ վարույթում։ Նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր և Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունների քննիչներից կազմված խումբը: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք), շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակահերթ էին արձակել Նորատուս համայնքի բնակիչներ Վահե Ավետիսյանի, Հրաչյա Հակոբյանի, Արմեն Սարգսյանի, Արտյոմ Պետրոսյանի և Սասուն Մելոյանի, Գավառի բնակիչներ Զոհրաբ Պարոնիկյանի, Արմեն Հայթյանի և Վարդան Դավոյանի ուղղությամբ, ինչի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից Վ.Ավետիսյանը և Զ.Պարոնիկյանը տեղում մահացել էին, իսկ մյուսները՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Գավառ ԲԿ» ՓԲԸ:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունը նոր պետ ունի
Դեպքից որոշ ժամանակ անց մի խումբ անձինք հարձակվել էին Գավառի հիվանդանոցի վրա, կոտրել ապակիները և գույքը, հարվածներ հասցրել Դավիթ Հայթյանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ՝ ծակած-կտրած վերքեր և հեմատիկ շոկ՝ ծանր աստիճանի:
Բացի այդ, նրանք շրջափակել էին Գավառի հիվանդանոցի մուտքերը, բռնություն գործադրել այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, մուտք գործել հիվանդանոց՝ կոտրել մուտքի դռները և վնասել հիվանդանոցի գույքը: