Դատարանը դեռ չի քննի Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը

Փաստաբանական թիմը նշել է, որ չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, և նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու մասին` Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։

«Իմ առջև պահանջ է դրվել ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը»․ Գուրգեն Խաչատրյան

Փաստաբանական թիմը նշել է, որ չեն հասցրել ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, և նիստը հետաձգելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարան:

Նշենք, որ երեկ խուզարկություններ են կատարվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների բնակարաններում:

Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարություն էր տարածել, որ Գուրգեն Խաչատրյանին ապրիլի 29-ին ծանուցագիր է ուղարկվել քննչական մարմին ներկայանալու համար։ Ծանուցագիրը ստանալիս և ապա փաստաբանի գրավոր դիմումի համաձայն` Գուրգեն Խաչատրյանը նշել էր, որ կներկայանա մի քանի ժամից՝ հարգելի պատճառով։ Սակայն, ըստ փաստաբանների, երեկոյան դատարան էր մուտքագրվել Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն, ինչի մասին փաստաբանական խումբը տեղեկացել էր քննիչից:

«Ucom–ի 800 աշխատողների գործողությունները կարելի է որակել որպես շանտաժ». Սաղյան

Փաստաբանական թիմը հիշեցրել էր՝ Գուրգեն Խաչատրյանին մեղադրանք արդեն իսկ առաջադրված եղել է, և որպես խափանման միջոց ընտրվել էր ստորագրությունը չհեռանալու մասին: Այժմ մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել է նորը. Խաչատրյանը մեղադրվում է կաշառք ստանալուն աջակցելու համար: Ըստ փաստաբանների՝ և՛ գործի նյութերից, և՛ պարզաբանումներից հստակ երևում է, որ մեղադրանքում նշված գումարը փոխառություն է, փոխառության պայմանագիրը դեռ գործում է և պետք է վերադարձվի ժամկետի ավարտին:

Ucom ընկերության նոր տնօրեն է նշանակվել. Եսայանները չեն հանձնվում

Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ խոսքը Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է, որը ապրիլի 25-ին դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց ՝ կաշառք տալու և փողերի լվացման մեղադրանքով:

Հիշեցնենք` ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Նա նաև տեղեկացրել էր, որ չհամաձայնելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում իրեն մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբոր, ընտանիքի այլ անդամների, ազգականների, մտերիմների, ինչպես նաև առնչվող այլ անձանց նկատմամբ։

Ucom–ը կռվախնձոր է դարձել. ի՞նչ է տեղի ունենում ընկերությունում, և ո՞րն է ելքը

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Ucom-ի շուրջ 800 աշխատակիցներ աշխատանքից դուրս գալու դիմումներ են գրել: Ապրիլի 14-ին ընկերության հիմնադիրներ և 5,94%-ի բաժնետերեր Եսայան եղբայրները հայտարարեցին, որ մյուս սեփականատերերին ավելի քան 34 մլրդ դրամ են առաջարկել մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար, որպեսզի կարողանան որոշիչ ձայն ունենալ բաժնետերերի որոշումներում:

Ապրիլի 15-ին, սակայն, հայտարարվեց, որ ընկերության տնօրենների խորհրդի նիստում ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արա Սերգեյի Խաչատրյանը։

Ucom–ի բաժանորդներին վտանգ չի սպառնում. ո՞վ է ընկերության տնօրենը