Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն

Աշխարհում ջայլամի յուղը մեծ կիրառություն ունի տարբեր ոլորտներում։ Հայաստանում մասնագիտությամբ հատուկ մանկավարժ Լիլիթը դարձավ առաջինը, որ որոշեց յուղն օգտագործել որպես բնական, բուժիչ կոսմետիկայի հումք։
Sputnik

Մի քանի տարի առաջ Հայաստանում ջայլամ տեսնելու համար կենդանաբանական այգի էր պետք գնալ։ Հիմա մեր երկրի տարբեր տարածաշրջաններում ջայլամաբուծական ֆերմաներ կան։ Ու որքան էլ թևավոր այս բարձրահասակները գլուխները մտցնեն հողի մեջ, մինչև անցնի վտանգը, դա իրենց չի փրկի. ջայլամի միսը համարվում է նոր սերնդի մսամթերք, չի պարունակում խոլեստերին, դիետիկ է, տարբեր վիտամիններով հարուստ։ Բավականին թանկարժեք կիրառություն են գտնում նաև փետուրները, եղունգները, կաշին,  ձուն, յուղը։

Հայ ռեստորանատերը խորհուրդներ է տալիս լեհ նախարարներին, հյուրընկալում փոխվարչապետին

Լիլիթ Ղարիբյանը խոստովանում է՝ երբ երեք տարի առաջ ընտանեկան ժողովում որոշվեց Երևանից Եղվարդ տեղափոխվել ֆերմերությամբ, ավելին՝ ջայլամաբուծությամբ զբաղվելու համար, բավականին վախեցած էր։ Շրջաններում բարեկամներ չեն ունեցել, հետևաբար նույնիսկ ամառային արձակուրդներին գյուղում իր հանգիստն անցկացնելու հնարավորություն չի եղել, իսկ հիմա բնակություն էր հաստատում մայրաքաղաքից դուրս։ Լիլիթը ստիպված էր թողնել նաև սիրելի գործը՝ հատուկ մանկավարժի աշխատանքը, քանի որ մարզից ամեն օր Երևան գալը հեշտ չէր, հատկապես երկու բալիկների մայրիկի համար։

Բացի այդ, Եղվարդում Լիլիթի գործը եռում էր։ Մսի վաճառքը լավ էր, պահանջարկը՝  բարձր, բայց մեծ քանակությամբ յուղ էր ավելանում։ Որպես իսկական տնտեսող հայ կին՝ Լիլիթը սկսեց պրպտել, տեղեկություն փնտրել ջայլամի յուղի կիրառության մասին։ Ու այստեղ իր համար օգտակար հատկություններով լի մի ամբողջ նոր աշխարհ հայտնաբերեց։

Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն

Թե ինչպես ռեժիսոր Վահեն դարձավ Հայաստանում առաջին ու միակ խխունջաբույծ ֆերմերը

Պարզվեց՝ ջայլամի յուղն աշխարհում մեծ պահանջարկ ունի։ Քանի որ բարձրացնում է իմունիտետը, լայնորեն կիրառվում սննդի մեջ, բայց նաև օգտագործվում է որպես բնական, բուժիչ կոսմետիկայի հումք։ Ուսումնասիրություններից հետո սկսեց վերամշակել ու փորձարկել իր, հետո նաև ընտանիքի անդամների վրա։ Փորձարկումները հաջող ստացվեցին. այն, ինչ կարդացել էր յուղի մասին, պարզվեց՝  ճիշտ է։

«Երեխաներն ընկնում էին, յուղն էի քսում, կապտուկներ չէին առաջանում, բացի այդ ցավազրկող հատկություն ուներ, մազաթափության դեմ որպես պայքարի միջոց սկսեցի օգտագործել։ Հետո մտածեցի, որ այսքանից հետո պետք է անեմ մի բան, որ նախկինում կյանքում մտքովս չէր անցնի՝ կոսմետոլոգիա սովորեմ, որպեսզի յուղի կիրառությանն ավելի պրոֆեսիոնալ մոտենամ»,- պատմում է Լիլիթը։

Առաջինն ու միակը. ինչպես ալոեն փոխեց հայ ինժեներ- երկրաբանի կյանքը

Կոսմետոլոգիա սովորելուն զուգահեռ ինտերնետի օգնությամբ նաև օճառագործությանը ծանոթացավ։

«Ուսումնասիրեցի ու սիրահարվեցի օճառագործությանը, գտա անհրաժեշտ հումքն ու անցա գործի»,- պատմում է Լիլիթը։

Հիմա տանը կից ոչ միայն ջայլամների մեծ ֆերմա կա, այլև Լիլիթի փոքրիկ արտադրամասը, որտեղ սեփական ձեռքերով տարբեր կոսմետիկ միջոցներ է ստեղծում։ Անհրաժեշտ փորձաքննություններն անցնելուց հետո արտադրանքը նաև սերտիֆիկացվեց։ Նույնիսկ կարանտինի այս օրերին Լիլիթը չի բողոքում՝ արտադրանքը լավ սպառում ունի։ Հիմա պատրաստվում է արտադրամասին կից փոքրիկ սրահ բացել, որտեղ ցանկացողների համար վարպետաց դասեր կանցկացնի, կսովորեցնի այն, ինչն ինքը յուրացրեց սեփական փորձով, հարազատների վրա բարեհաջող փորձարկումներով ու ձեռքբերած գիտելիքներով։

Այս ամենին զուգահեռ շարունակում են ֆերման մեծացնել։ Որքան էլ զարմանալի է՝ պարզվում է՝ հայաստանցիներիս խոհանոցում ջայլամի միսը բավականին մեծ կիրառություն է ստացել շնորհիվ դիետիկ և օգտակար լինելուն։ Օգտագործում են ոչ միայն մարզիկները, դիաբետիկները, այլև լրիվ առողջ մարդիկ։ Լիլիթը ծիծաղելով հիշում է իրենց ընտանիքում ջայլամի մսի առաջին խոհարարական փորձարկումը։

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ

Դե մենք՝ հայերս, ցանկացած տեսակի միսն առաջին հերթին խորոված ենք պատկերացնում։ Խոստովանում է՝  ջայլամի խորովածը լավը չէր, որովհետև իրենք էին անփորձ։ Քանի որ միսն անյուղ է, հատուկ մարինացում է պետք։ Ապա փորձեցին ավանդական բլինչիկ պատրաստել։ Ասում է՝ շատ համեղ էր։ Իրենց ընտանիքում ջայլամի մսից նաև տոլմա են պատրաստում, Ամանորին էլ ջայլամի ազդրամիսն ապխտում։ Դե, իրականում, ըստ Լիլիթի, ջայլամի մարմնի այլ հատվածներում միս չկա էլ։

Արտահանման մեծ պահանջարկ կա, բայց դրա համար պետք է արտադրությունը մեծացնել։ Այժմ Լիլիթը միայնակ է աշխատում, օճառագործության մեջ օգնում է տասնամյա դուստրը, որը բավականին  հմտացել է այդ գործում։

Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն

Արտադրությունն ընդլայնելուց բացի նաև շինարարական աշխատանքներ են ընթանում ռեստորանի համար։ Քաղաքին մոտ ու քաղաքից դուրս՝ ավանդական հայկական ու եվրոպական խոհանոցը` ջայլամի մսով։«Օր ու գիշեր ամբողջ ընտանիքով աշխատում ենք»,- իրենց ընտանեկան հաջողության գաղտնիքն ասում է Լիլիթն ու պնդում՝ աշխատող, պրպտող մարդն ամեն տեղ էլ իրեն կգտնի։

Լիլիթի այս նոր գործը չկտրվեց իրեն իր սիրելի մասնագիտությունից, յուրաքանչյուր հնարավորության դեպքում մտավոր խնդիրներ ունեցող երեխաների համար օճառագործության վարպետաց դասեր է անում, իսկ հիմա  էլ ուղիներ է փնտրում ներկա գործն ու մասնագիտությունն իրար ավելի սերտ կապելու համար։ 

Ինչպես ջայլամները մտան հայերի խոհանոց, սկսեցին «խնամել» մաշկը. մի գործարարի պատմություն