Խիստ սահմանափակումներ արտակարգ դրության ռեժիմում․ ի՞նչ է կատարվում ՀՀ-ի ամենամեծ ԲԿ-ում

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է հսկիչ անցակետեր ու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, նաև պարզել է՝ ինչպես են քաղաքացիները հետևում արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը։
Sputnik

Ապրիլի 2-ից արտակարգ դրության ռեժիմը Հայաստանում խստացվել է։ Պարետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել մինչև ապրիլի 12–ը ներառյալ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Մետրոն դադարեցրել է իր գործունեությունն արդեն ապրիլի 1-ից։ Բացի այդ, երկրում սահմանափակվել է տնտեսական գործունեությունը։

Մենակ մնացած Երևանը` վերևից. ի՞նչ տեսք ունի քաղաքն առանց աղմուկի

Ոստիկանությունն ու ԱԱԾ–ն հսկիչ անցակետեր են տեղադրել քաղաքացիների և ավտոմեքենաների տեղաշարժը վերահսկելու համար։ Հասարակական տրանսպորտի գործունեությունն արգելվում է` բացառությամբ տաքսիների և երկաթուղային տրանսպորտի։ Աշխատանքի գնալիս պարտադիր պետք է ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք գործատուից։ Պետական գերատեսչությունների դեպքում այդ տեղեկանքները կփոխարինվեն ծառայողական վկայականներով։

Քրեական ու վարչական օրենսգրքերում կատարված փոփոխություններով` արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելն առաջացնում է տուգանք՝ 100-250 հազար դրամի չափով։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբն արձանագրել է՝ անցակետերից մեկում Երևանից Կոտայքի մարզ մեկնող քաղաքացիներից մի քանիսը տուգանվել են։

Ոստիկանները վստահ են, որ հետևողականությունն ու խստությունն այդ հարցում վերջի վերջո արդյունք կտան ու կստիպեն քաղաքացիներին առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս չգալ։

«Նրան կառավարությունն է բերել, որ թու, թու, թու անի». օտարերկրացին նվագում է Երևանում

Կառավարությունն իր հերթին վստահեցնում է, որ իրավիճակը վերահսկողության տակ է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհուրդ է տալիս քաղաքացիներին այդքան անհոգ չլինել։

«Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել։ Սիրելի հայրենակիցներ, ես խնդրում եմ՝ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս ամենին», -ասել է նա։

Արտակարգ դրություն՝ մարզպետի ու ոստիկանապետի հսկողությամբ. ինչ վիճակ է Գյումրիում

Անհանգստանալու առիթ կա, վարակվածների թվի աճը թույլ չի տալիս իշխանությանը հանգիստ նստել։ Կորոնավիրուսի վարակման դեպքերի շատանալու հետևանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում տեղերը չեն բավարարում։ Այդ պատճառով որոշվել է Հայաստանի ամենախոշոր ԲԿ-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», ամբողջովին տրամադրել կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժման համար։

Հիմա այստեղի բոլոր հիվանդներին տեղափոխում են «Նաիրի», «Աստղիկ» ու «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի`մեկ օրում ավելանալով 92-ով։ Վարակվածներից 33-ն առողջացել են, 5-ը` մահացել։