ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրել։
Գրավի դիմաց ազատ արձակված Սամվել Մայրապետյանին վիրահատել են Գերմանիայում
Մարտի 3-ին Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրան կալանավորելու համար։ Պատճառը, ըստ ՀՔԾ-ի, այն է, որ Մայրապետյանին բուժման նպատակով թույլատրվել էր մեկնել արտերկիր, սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով վերջինս չի ներկայացել, անձնական երաշխավորություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ:
Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը Sputnik Արմենիային ասաց, որ որոշման մասին կարծիք կհայտնեն, երբ դատարանից այդ մասին պաշտոնական ծանուցում ստանան։
Հիշեցնենք, որ Մայրապետյանը դեռ Գերմանիայում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2018–ին` ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը), նրա նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը: Դեկտեմբերի 27-ին դատարանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել Մայրապետյանին: 2019–ի հունվարին ՀՔԾ–ն Մայրապետյանին թույլ է տվել բուժման նպատակով մեկնել Հայաստանից։
Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել և 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել էր` Մայրապետյանի փաստաբանները գրավոր տեղեկացրել են, որ վարույթն իրականացնող մարմնի սահմանած ողջամիտ ժամկետում Մայրապետյանը չի կարողացել վերադառնալ ՀՀ, քանի որ օդանավակայանում ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա չի կարողացել ՀՀ վերադառնալ