Փաշինյանի ու Ալիևի «մենամարտի» դրական և բացասական կողմերը

Բանավեճի հետաքրքիր ձևաչափ էր ընտրված. Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները հակամարտության ամբողջ պատմության ընթացքում ոչ մի անգամ տեսախցիկների առաջ չէին բանավիճել։
Sputnik

Հայկական մամուլում և սոցցանցերում չեն դադարում քննարկել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մյունխենյան հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը «մենամարտեցին» ղարաբաղյան հակամարտության թեմայով, ներկայացրին խնդրի պատմական նախադրյալների վերաբերյալ իրենց փաստարկներն ու մտքերը։

«Պետք է ասվեր, բայց չասվեց». Շարմազանովը` Փաշինյան–Ալիև բանավեճի մասին

Դրական կողմ

ՀՀ վարչապետի փաստարկներն ու բանավիճելու կարողությունը տարբեր գնահատականների արժանացավ` հիացական արձագանքներից մինչև կոշտ քննադատություն, որը երբեմն հասավ քաղաքական շահարկումների։ Ճշմարտությունը, ինչպես լինում է նման դեպքերում, մեջտեղում է թաքնված։ Փաշինյանն իսկապես իր առավելություններն ուներ։ Օրինակ` նա վատ չխաղարկեց պատմական քարտեզը` հիշելով հայ թագավորին, հռոմեացի զորավարին ու Ադրբեջանի տեղը քարտեզի վրա։

Տիգրան Մեծի ու հռոմեացի զորավար Պոմպեոսի մասին ակնարկը հնչեց ի պատասխան Ադրբեջանի նախագահի արած «պատմական էքսկուրսի», ըստ որի` Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմել, իսկ Էրիվանը XIX դարում ադրբեջանական տարածք է եղել։ Փաշինյանն իր հերթին գործընկերոջը խորհուրդ տվեց պատմական թեմաներ չարծարծել, այլապես ինքը կարող է ավելի հեռուն գնալ և պատմությունը սկսել մ. թ. ա. 400 թվականից։

Պողոսյան. «Պետք է պատրաստ լինենք, որ Ադրբեջանն իր շինծու պատմությունները մեզ վրա չջարդի»

Պատմությանը հղում անելն այսօր ընդդիմախոսի հետ բանավիճելու բավականին արդյունավետ գործիք է` հաշվի առնելով, թե որքան հաճախ են այս կամ այն իրադարձությունները մեկնաբանում հօգուտ պատմական շահերի։ Հայաստանի վարչապետը պարզապես չի կարող չօգտագործել Հայաստանի հինավուրց պատմությունն ու մշակույթը, երբ խոսքը տեղանունների ու տարածքային վեճի մասին է։ Ակնհայտ է, որ ցանկացած պատմական վեճի ժամանակ Ադրբեջանի ղեկավարության փաստարկները թույլ են` հաշվի առնելով այդ պետության տարիքը։

Փաշինյանը ճիշտ արեց` մատնանշելով, թե ինչ խնդիր են լուծում 7 շրջանները։ Վարչապետի խոսքով` դրանք Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքն են։ Դրանք պաշտպանական հզոր գիծ են, ամրաշինական կառույցներ, որոնք զիջելը, առանց անվտանգության վստահ երաշխիքների, հավասարազոր է ինքնասպանության։

ՀՀ վարչապետը նման ֆորմատներից չի վախենում. Ալեն Սիմոնյանը` Փաշինյան–Ալիև զրույցի մասին

Կառավարության ղեկավարի օգտին էր նաև «միկրոհեղափոխությունների» մասին դրույթը։ Նա հայտարարեց, որ հակամարտության կարգավորումը «փոքր հեղափոխություններ» է ենթադրում, այսինքն` հրաժարվել հին կարծրատիպերից, ինչը նշանակում է նոր բանաձևեր ու մոտեցումներ։ Նման միկրոհեղափոխություններից մեկն էլ նա համարում է այն դրույթը, որ խնդրի ցանկացած լուծում պետք է համապատասխանի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերին։

Արևմտյան լսարանի ընկալմամբ` առաջընթացի, նորարարական լուծումների գաղափարն ավելի գրավիչ տեսք ունի, քան «ագրեսիայի» մասին մանտրա դարձած պնդումները, ՄԱԿ–ի ԱԽ բանաձևերին հղում անելն ու այլ արտահայտություններ, որոնք հասցրել են հոգնեցնել նրանց, ում մենք անվանում ենք միջազգային հանրություն։ Հաջող էր նաև Փաշինյանի որդու օրինակը և ադրբեջանական մի շարք շրջանների զանգվածային հայաթափումը։

«Որդիս իր զինծառայությունն անցնում է  Լեռնային Ղարաբաղում։ Բայց նա այնտեղ կամավոր գնաց։ Հոժարակամ գնաց։ Գնաց պաշտպանելու իր հայրենակիցներին, քանի որ ինքը գիտի պատմությունը։ Ինքը գիտի` ինչ է եղել 1988 թվից ի վեր։ Ես արդեն ասացի Շահումյանի շրջանի մասին, որտեղ բնակչությունը 100 տոկոսով հայկական էր, հիմա 1 հայ անգամ այնտեղ չի ապրում։ Եվ մենք գիտենք նաև Նախիջևանի դեպքը, որտեղ ահռելի հայկական բնակչություն կար։ Նախիջևանն էլ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետություն  է, և հիմա մեկ հայ այնտեղ չկա»,– ասաց Փաշինյանը։

Ի տարբերություն Փաշինյանի, որը իշխանության է եկել հզոր բողոքի ալիքի ֆոնին, նրա ադրբեջանցի ընդդիմախոսն այնքան էլ հիացած չէ «հեղափոխություն» բառի հիշատակումից։

Բացասական կողմեր

Բանավեճի ընթացքում վարչապետը, իհարկե, նաև թույլ կողմեր ուներ։ Նախևառաջ` նրա անգլերենը։ Սահմանափակ բառապաշարը միշտ խանգարում է լիարժեք և բազմակողմանի շարադրել սեփական փաստարկները։ Փաշինյանը հայտնի հռետոր է, բայց երբ հայերե՛ն է խոսում։

Նիկոլ Փաշինյան–Իլհամ Ալիև հանդիպումը մեկնարկեց. տեսանյութ

Գործընկերներիցս մեկը շատ դիպուկ նկատեց` նա հայերեն ասում է այն, ինչ ուզում է, անգլերեն` այն, ինչ կարող է։ Եվ նման բարդ ու ծանր թեման, ինչպիսին ղարաբաղյան հակամարտությունն է, ավելի լավ պատրաստվածություն է պահանջում, այդ թվում` լեզվի առումով։  Ադրբեջանի նախագահն անգլերեն վարպետորեն է խոսում և ավելի ազատ` բավականին հմտորեն մանևրումներ անելով և հակամարտության ծագումնաբանությունը ներկայացնելով ադրբեջանական կողմի համար շահեկան տեսանկյունից։

Փաշինյանը չկարողացավ պատասխանել Ղարաբաղի մայրաքաղաքի անվանման վերաբերյալ Ալիևի ռեպլիկին։ Ադրբեջանի նախագահը խոսեց թուրքական «Խանքենդիի» մասին` խանի գյուղ, ինչպես նրանք են անվանում Ստեփանակերտը, ու նշեց, որ Ղարաբաղի մայրաքաղաքը Ստեփանակերտ է կոչվում ի պատիվ հայ հեղափոխական, բոլշևիկ Ստեփան Շահումյանի։ Սրանով նա ուզում էր հերքել Արցախում հայկական հետքի առկայությունը` հասկացնելով, որ այդ հետքը բոլորովին վերջերս է հայտնվել։

Այս ֆորմատով շփումը բանակցությունների վրա ազդեցություն կունենա՞. պատասխանում է Ռուբինյանը

Փաշինյանը, սակայն, չասաց, որ Ստեփանակերտի տեղում ժամանակին եղել է հայկական Վարարակն բնակավայրը (490-ական թվականներին բնակավայրը հիմնադրել է Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը)։

Իսկ պատմության և մշակույթի հզոր կոթողների` միջնադարյան Գանձասար և Ամարաս վանքերի մասին խոսելն էլ ավելորդ է։

Կառավարության ղեկավարը փաստորեն չպատասխանեց Ալիևի այն պնդմանը, որ Բաքվի համար ընդունելի է հակամարտության փուլային կարգավորումը։ Համապատասխան հարց հնչեցրեց «Կոմերսանտի» լրագրողը` Ռուսաստանին վերագրելով փուլային լուծման առաջարկը։ Նման տարրեր են պարունակում, այսպես կոչված, «մադրիդյան սկզբունքների» տարբեր մոդիֆիկացիաներում, սակայն այդ սկզբունքները ոչ մի կերպ չի կարելի համարել բացառապես ռուսական կողմի առաջարկներ (այլ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ ՄԽ–ի. խմբ.)։ Այս մասին Փաշինյանը չասաց։ Սակայն Ալիևը հիանալի հնարավորություն ուներ ցուցադրելու իր «ռուսաստանամետ գիծը», ինչն էլ արեց` հայտարարելով «Ռուսաստանի առաջարկների հետ» իր համաձայնության մասին։

«Զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ». Օհանյանը` ղարաբաղյան բանակցությունների մասին

Ինչևէ, քննարկումների ձևաչափը բացառիկ էր. դեռ երբեք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները տեսախցիկների առաջ չէին բանավիճել, չհաշված իհարկե անցած տարվա հոկտեմբերին Աշխաբադում հայ ազգային հերոս Գարեգին Նժդեհի մասին ռեպլիկների փոխանակումը։ Հանրային քննարկումն, իհարկե, իր թերություններն ունի։ Քանի որ ղարաբաղյան հակամարտության թեման շոուի վերածել էլ պետք չէ։

Բայց ամեն դեպքում սա հարթակ է, որտեղ կարելի է քննարկել և որոշակի փոխզիջումների հասնել։ Հաշվի առնելով մեր երկրների միջև առկա թշնամանքի աստիճանը` նման փոխզիջումները մեզ համար արդիական են, ինչպես երբեք։