Չարորակ նորագոյացությունների պետպատվերով վիրահատություններն ավելացել են 4.5 անգամ

Առողջապահության նախարարությունը շուտով կհայտարարի կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի — Sputnik. 2019-ից պետական պատվերի շրջանակում ընդգրկված չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման ծրագրով կատարվել է 4428 վիրահատություն։ 2018թ-ին այդ թիվը 979 է եղել. Facebook սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Պետպատվերով նախորդ տարի կատարված վիրահատությունների աճը կազմել է 352.3%։ Ուռուցքաբանությունը ինքնին` սկսած կանխարգելումից, վերջացրած բուժումով մեր առաջնահերթություններից մեկն է»,–գրել է նախարարը։

Հայաստանում արգելվել է կոնկրետ դեղամիջոցի որոշ սերիաների շրջանառությունը

Նա նաև հայտնել է, որ մոտ ապագայում կհայտարարեն կրծքագեղձի քաղցկեղի թիրախային թերապիայի մի կարևոր դեղամիջոցով բուժման ազգային ծրագրի, կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային, ինչպես նաև ստացիոնար պալիատիվ (ամոքիչ) օգնության ծրագրերի մեկնարկի մասին:

Կեղծ դեղերի իրացման դեպք է բացահայտվել. ԱԱԾ

Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերին հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարությունը սկսում է քաղցկեղի նոր սքրինինգային ծրագիր։ Հանրապետությունում արդեն իսկ իրականացվում էր կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղի հետազոտություն: Դրանց էր ավելացել կոլոռեկտալ քաղցկեղի (ուղիղ աղիքի) սքրինինգը` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց (50-ից 75 տարեկան):