ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Նարեկ Սարգսյանի փաստաբան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ դիմումն ուղարկել են 2019թ.–ի դեկտեմբերի 27–ին և դեռևս պատասխան չեն ստացել` վարույթ ընդունվել է, թե ոչ։
Փաստաբանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման մասին որոշումն իրենց համար անհասկանալի է, անհիմն, որևէ կերպ պատճառաբանված չէ, և այդ հիմքով էլ այն բողոքարկել են վերադաս ատյան:
«Թաքնվելու հիմքը կալանավորման հիմքերից մեկն է ընդամենը եղել։ Պետք է նշեմ, որ Նարեկ Սարգսյանը բավական երկար ժամանակ Չեխիայի իրավապահների կողմից ձերբակալված է եղել, և մոտավորապես մեկ տարի ինքն արդեն անազատության մեջ է գտնվել»,–նշեց փաստաբանը։
Թե երբ կավարտվի նախաքննությունն ու գործը կմտնի դատարան, փաստաբանը չգիտի. նա կարծում է, որ մինչ այդ այս քրեական գործով դեռ անելիք շատ կա։
Նարեկ Սարգսյանը` Սերժ Սարգսյանի եղբորորդին, կալանավորվեց
Հիշեցնենք` 2018թ.–ի հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
2018թ.–ի հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց 2019թ.–ի դեկտեմբերի 21–ին։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը դեկտեմբերի 10-ին տեղեկացրել էր, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինները որոշել են բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը։
«Նարեկն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել». Սաշիկ Սարգսյանի հարևանը դատարանում է
ՀՀ իրավապահներն արդեն մեկ տարի սպասում էին Չեխիայի իշխանությունների այս որոշմանը։
Միջազգային հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2018թ.–ի դեկտեմբերի 6-ին Պրահայում։ Հայտնաբերման պահին նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: