Քաղցրասերները, հատկապես` փախլավա սիրողները, ըստ գավառցիների, փախլավա ուտելիս պետք է առաջին իսկ կտորից ճանաչեն Գավառի փախլավայի համը։ Այնպես չէ, որ այլ քաղաքներում պատրաստվող փախլավայի բաղադրատոմսը տարբերվում է Գավառում պատրաստվածից, սակայն «Քյավառա փախլավայի» համն ու հոտն ուրիշ է։
Sputnik Արմենիան այցելել է Գավառի փախլավա պատրաստող «Անգրեդ» ընկերություն, որտեղ ամեն օր մի քանի հարյուր փախլավա է պատրաստվում։
Փախլավա թխելը հեշտ գործ չէ. 24 ժամ է պահանջում։ Ասում են` փախլավայի 24 շերտերը խմորեղենի պատրաստման ընթացքն են խորհրդանշում։ Իսկ այդ ընթացքը երկար է տևում, որովհետև միայն խմորը պիտի 6 ժամ հանգստանա, որ նոր միայն այն գնդերի բաժանեն, հետո նորից թողնեն` հանգստանա։
Ի դեպ, փախլավայի պատրաստման ամենաբարդ պրոցեսը խմորը բարակ ու մեծ բացելն է, սակայն մինչ անփորձ տնային տնտեսուհիները խմորը փորձում են գրտնակով բացել, իրենց գործում հմտացածները դա անում են ձեռքերով` խմորն արագությամբ աջ ու ձախ անելով։
Զիփլայնի հույսով ապրող լեռնային գյուղը. Սևաբերդում վախենում են երեխաներ ունենալ
Փախլավա պատրաստելը նաև հատուկ հմտություն է պահանջում, որը, ինչպես ցավով նշում են միջին տարիքի գավառցի կանայք, «նոր սերնդի» հարսները չունեն։ Երիտասարդ հարսները, սակայն, երբեմն ստիպված են լինում փախլավա պատրաստել սովորել, քանի որ Գավառում հարսանիքին «աղջիկ տվողը» պետք է մի սկուտեղ փախլավա նվիրի խնամիներին։ Եվ երբ խնամիները Գավառի փախլավան համտեսում են, շատերը հարսներից տոնական օրերին հենց փախլավա պատրաստել են ակնկալում։
Շուրջը նայեց ու բիզնես հորինեց․ սահմանամերձ գյուղերի բնակչուհիները կոտրում են կարծրատիպերը