Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ 4 հոդվածով քրեական գործ է հարուցվել

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի նկատմամբ հարուցված քրեական գործը կքննի ՀՀ Քննչական կոմիտեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական  գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս  (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդություն չի ներկայացվել»,– ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են  նախապատրաստվում։

«Հորդորում էր, որ ես փախնեմ Հայաստանից». Ռուբեն Հայրապետյանը` Անդրանիկ Քոչարյանի մասին

Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին

Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել այն մասին, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Ծախած խաղեր, կերած փողեր. Ռուբեն Հայրապետյանը պատմել է ՀՖՖ–ի «կեղտոտ սպիտակեղենի» մասին

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկի» և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը, Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: