Փաշինյանի կինը հորդորում է ազատվել «խոզի բդի» գերությունից

Աննա Հակոբյանը կոչով դիմել է կանանց` նրանց հորդորելով Նոր տարին վայելել հարազատների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, կանանց կոչ է անում ազատվել «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից։ Նա այս մասին գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Սիրելի կանա՛յք, եկեք միահամուռ կերպով ազատվենք «խոզի բդի, տոլմայի, ստալիչնիի և բլինչիկի» տասնամյակների գերությունից և տոնական օրերը իսկապես վայելենք մեր ընտանիքների, ընկերների և հարազատների հետ»,– գրել է նա ու հրապարակել Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի տեսագրությունը։

Փաշինյանի խոսքով` ամանորյա միջոցառումների կազմակերպման համար մոտ 270 մլն դրամ հատկացնելն ամենևին էլ ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար ծախսելու համար չէ։

Բացառիկ Ամանոր է լինելու. Փաշինյանը խորհուրդ է տալիս Նոր տարին անցկացնել Երևանում

«Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր։ Գաղտնիք չէ, որ ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են հանրապետությունից դուրս, ինչը բավականին լուրջ տնտեսական խնդիր է երկրի համար, քանի որ գումարներն արտահոսում են։ Մենք էլ խնդիր ենք դրել, որ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը նշեն Հայաստանում, ինչպես նաև խթանենք զբոսաշրջիկների հոսքը Հայաստան»,–ասաց վարչապետը։

Ամանորյա կորպորատիվներ. ինչքան է ծախսելու Երևանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը

Նա բերեց Դավոսի օրինակը, որտեղ Ամանորին մարդիկ հարազատներով հավաքվում են մեկի տանը տոները նշելու, իսկ մյուս տունը վարձով են տալիս զբոսաշրջիկներին։ Վարչապետը տեղեկացրեց, որ սուրբծննդյան կրպակներում վաճառվելու են հոթ–դոգեր, բրդուճներ, ու մարդիկ կարող են մեկ բաժակ գինով ու մեկ բրդուճով քայլել տոնական Երևանով։

Փաշինյանի խոսքով` դեկտեմբերի 21–ից սկսած` ամեն օր համերգներ են լինելու Երևանում` մինչև հունվարի 7–ը, քանի որ երեխաների գեղագիտական ճաշակը պետք է զարգանա ոչ թե իրենց և իրենց հարևանների սեղաններին, այլ բեմերին նայելով։ Նա հայտնեց նաև, որ Ամանորի օրերին որոշակի ժամերին նաև թանգարաններն են բաց լինելու։

Բրեգովիչի ամանորյա հոնորարը քաղաքապետարանում համեմատում են հայ աստղերի հոնորարների հետ