ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել:
Կոստանյանին կալանավորելու միջնորդությունը ներկայացրել է Հատուկ քննչական ծառայությունը: Նշենք, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարված էր հետախուզում:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանը դեռևս սեպտեմբերին «Մարտի 1–ի» գործով հրավիրվել էր հարցաքննության, սակայն ՀՔԾ–ն հայտնել էր, որ Կոստանյանն արտերկրում է և կվերադառնա 15-20 օրից։ Նա «Մարտի 1»–ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Ըստ այդ մեղադրանքի` 2008–ի մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը պահանջել են հետին ամսաթվով կազմել և շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կատարած գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:
ՄԻՊ-ը Գևորգ Կոստանյանի հարցով պարզաբանումներ կպահանջի քրեական հետապնդման մարմիններից
Նոյեմբերի 26-ին Գևորգ Կոստանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ ասել էր, որ մեկ տարի գտնվել է Հայաստանում այն պահից սկսած, երբ իրեն վկայի կարգավիճակով կանչել են հարցաքննության, և դրանից հետո իր նկատմամբ որևէ գործողություն չի իրականացվել: Այդ ընթացքում պայմանագիր է կնքել ՌԴ դատախազության համալսարանի հետ՝ տեղում դասախոսելու նպատակով:
Գևորգ Կոստանյանի փոխանցմամբ՝ ուսումնական կիսամյակը վերոհիշյալ բուհում կավարտվի դեկտեմբերի վերջին, իսկ առավելագույնը հունվարի 6-ին կավարտվի քննական շրջանը, ինչից հետո նոր կվերադառնա Հայաստան:
«Գնում եմ տուն». Արա Վարդանյանին ազատ արձակեցին. լուսանկար
Գևորգ Կոստանյանը 2006 թ. մարտի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2008 թ. հուլիսի 2-ը: 2008 թ. հուլիսին ՀՀ նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։ 2011 թ. հունվարի 12-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: