Ինքնասպանության հակառակ կողմը. խոսե՞լ, թե՞ լռել կատարվածի մասին

Հոգեբանները, ի տարբերություն հասարակության այլ անդամների, առնչվում են ոչ այնքան ինքնասպանության դեպքերին, որքան դրանց ցավալի հետևանքներին։ Հոգեբան Հասմիկ Հովակիմյանը Sputnik Արմենիային պատմել է որդու ինքնասպանության փորձի հետևանքով դժբախտացած մի ընտանիքի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան.Հայաստանում ամեն տարի ինքնասպանություն է գործում շուրջ 200 մարդ։ Ինքնասպանության դեպքերի մեջ հոգեբանները որոշ առումով տեսնում են նաև լրատվամիջոցների մեղավորությունը։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց հոգեբան Հասմիկ Հովակիմյանը։

Արտակարգ դեպք «Գորիս» ՔԿՀ–ում. դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ

«Իրականում ինքնասպանության գաղափարը մեկ օրում չի առաջանում։ Մոտ 2 ամիս մարդն ունենում է ինքնասպանություն գործելու մտքեր։ Միտքն ունենալուց հետո նա սկսում է փնտրել համապատասխան միջոց` ինչպես անել։ Հետևաբար, երբ լրատվամիջոցները հաճախակի ինքնասպանության դեպքեր են լուսաբանում, անուղղակիորեն հուշում են այդ՝ ինչպես անելու ձևը»,– ասաց Հովակիմյանը։

Նման տեղեկատվության նկատմամբ հատկապես խոցելի են դեռահասներն ու 18-20 տարեկանները։

«Ես հստակ օրինակ ասեմ` 4 ամիս առաջ մի երեխա գյուղում մեքենան վերցրել էր հորից ու վարել։ Հարևանները եկել, ասել էին` երեխադ մեքենան վերցրել է։ Հայրը, թվում է, թե ոչ մի արտառոց բան չէր արել` զայրացել էր երեխայի վրա, նվաստացրել էր նրան, հայհոյել էր և այլն։ Երեխան կախվել էր գոմում»,– հիշում է Հովակիմյանը` հավելելով, որ այս դեպքը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Գրեթե բոլոր լրատվամիջոցները գրեցին ծայրահեղ քայլի դիմած դեռահասի ու նրա փրկության մասին։ Բայց մամուլի հրապարակումներից ու հանրության աչքից վրիպեց թերևս ամենակարևորը` փրկված տղայի ու նրա ընտանիքի ողբերգությունը։

Ինքնասպանության հակառակ կողմը. խոսե՞լ, թե՞ լռել կատարվածի մասին

Բանակում ամեն ինքնասպանության դեպքից հետո պաշտոնատար անձինք պատիժ են ստանում. Բալայան

«Եղբայրը, ճիշտ է, փրկել էր երեխային, բայց նա բավական երկար ժամանակ էր կախված մնացել, ինչի հետևանքով նրա մոտ շատ լուրջ առողջական խնդիրներ էին առաջացել։ Ուղեղի բջիջների մի մասը մահացել էր, պարբերաբար հալյուցինացիաներ է ունենում։ Մեծ եղբայրը ենթարկվել է հոգեբանական տրավմայի։ Մայրը հոր հետ ընդհանրապես չի շփվում, հայրն էլ ապրում է մեղքի զգացման ծանր բեռով»,– պատմեց հոգեբանը։

Գյումրիում 3-րդ հարկից ընկած աղջկա մոտ դրական տեղաշարժ կա

Ինքնասպանությունների ու ինքնասպանության փորձերի մասին լուրերը շատ արագ տարածում են ստանում լրատվական ու սոցիալական կայքերում։ Այսպիսով` ինքնասպանության գաղափար ունեցող մարդն ավելորդ անգամ համոզվում է, որ իբր ինքնասպանությունը ելք է։ Ավելին` տեսնում է, որ ինքը միակը չէ, որ այդ ուղին ընտրել են նաև ուրիշները։ Անզգուշորեն տարածված այս լուրերը, մեր զրուցակցի պնդմամբ, կարող են նոր ողբերգության առիթ դառնալ։

Հասմիկ Հովակիմյանի դիտարկմամբ` եթե ինքնասպանության դեպքերը լուսաբանվեն նաև ցավալի հետևանքների, կործանված ճակատագրերի, դրանց պատճառով դժբախտացած ընտանիքների տեսանկյունից, գուցե ինչ-որ կերպ նպաստեն, որ մարդը հետ կանգնի իր մտադրությունից։

«Ինքնասպանության մեջ մարդը ելք է տեսնում, որովհետև այդ պահին հույզերն այնքան խառն են լինում, սթրեսը նեղացնում է գիտակցությունը և չի թողնում, որ մարդը լիարժեք գիտակցի, թե ինչ է անում»,– ասում է հոգեբանը` լրատվամիջոցներին խորհուրդ տալով չտրվել սենսացիոն տեղեկություններ հաղորդելու գայթակղությանը, այլ ներկայացնել դրանց ողբերգական հետևանքները` ինքնասպանության դիմողի հարազատների, սիրելի մարդկանց համար։

Երևանում մայրը կանխել է 30–ամյա որդու ինքնասպանության փորձը

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում 2015թ.-ին ինքնասպան է եղել 208 մարդ, 2016թ.–ին՝ 195, 2017թ.–ին՝ 157 մարդ, 2018թ.–ին` 179 մարդ: Բայց ինքնասպանության փորձ անողների թիվը կրկնակի ավելին է` 2016-ին` 440, 2017-ին` 405, 2018–ին` 427 մարդ։