Կանոնակարգված քաղաքականության դեպքում 2050թ.-ին կունենանք 5 մլն բնակչություն. Մարկոսյան

Ժողովրդագրական խնդիրները Հայաստանում այնքան են խորացել, որ դարձել են մեր ազգային անվտանգության կարևորագույն մարտահրավերներից մեկը։
Sputnik

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերին, վերջին տարիների շարժին, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կբարելավեն դեմոգրաֆիկ իրավիճակը մեր երկրում և որոշակիորեն կլուծեն ոլորտում առկա խնդիրները: 

«Կանոնակարգված ժողովրդագրական քաղաքականության դեպքում 2050թ.–ին իսկապես կունենանք 5 միլիոն բնակչություն: Դրա համար պետք է զուգորդվեն բնական աճը, տեխնիկական աշխատանքներն ու ռազմավարական ծրագրերը, որոնք միտված են բնական աճը խթանելուն»,- նշել է Արտակ Մարկոսյանը:

Ժողովրդագրագետի փոխանցմամբ՝ 2020թ.-ի հուլիսի մեկից ուժի մեջ կմտնի բնակարանային աջակցության երեք նախագիծ, որոնցից առաջինը գործելու է մարզերում։ 

Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի եզրի՞ն. որո՞նք են ՄԱԿ–ի կանխատեսումները

«Մենք ունեինք դրական բնական աճ, որը կոմպենսացրել է ահռելի արտագաղթը: 2011թ.-ից սկսած՝ Հայաստանում ծնունդների թիվը նվազում է: Անհրաժեշտ է պահպանել ծնունդների ներկայիս մակարդակը, և եթե հնարավոր է` նաև ավելացնել: Դրանով կլուծվի ոչ թե այսօրվա, այլ 20-30 տարվա ժողովրդագրական խնդիրը»,-համոզված է Արտակ Մարկոսյանը: 

Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի

Ժողովրդագրական խնդիրներն, ըստ Մարկոսյանի, այնքան են խորացել, որ դարձել են մեր ազգային անվտանգության կարևորագույն մարտահրավերներից մեկը, և լուծումներ չգտնելը սխալ կլինի: Ընդհակառակը՝ պետք է գործել շատ արագ ու կանոնակարգված: