Սննդային թունավորում Արտաշատի դպրոցում. 19 աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Սննդային թունավորման դեպք է գրանցվել Արտաշատի թիվ 5 դպրոցում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Արարատում տղամարդը փրկել է կնոջն ու երեխաներին թունավորումից

«Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից: Այս պահին շուրջ 19 աշակերտ տեղափոխվել է հիվանդանոց»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը):

Լոռու մարզում 5 մարդ թունավորվել են գետնասնկից. երկուսը երեխաներ են

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ սննդային թունավորմամբ Արտաշատի հիվանդանոց են տեղափոխվել 25-ից ավելի երեխաներ։

«Հայաստանի սանիտարահիգիենիկ ու համաճարակային վիճակը շատ մտահոգիչ է». Գրիգորյան

Դպրոց էին ժամանել մեծ թվով ոստիկաններ ու մարզպետարանի աշխատակիցներ։