ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Շատ հաճախ մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ այնքան սոցիալական պատճառներով, որքան անարդար մթնոլորտի։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում։
«Մարդիկ գնում են, քանի որ իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում` ոչ միայն ֆիզիկապես, այլև իրավունքի տեսակետից, արժանապատվության տեսակետից, քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով` իրավապահ մարմինների հիմնական առաքելությունը երկրում արդարության հաստատումն ու պահպանումն է։
«Եթե քննչական կոմիտեն ու քննիչն անկեղծորեն հավատացած ու նվիրված չլինեն այս արժեքներին, օրենքի ու օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ ՀՀ–ում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը Քննչական կոմիտեն է քննում։ Քննիչները, ըստ վարչապետի, աշխատում են գերծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա ռեժիմով։ Բայց ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության արդյունքում աշխատանքի ծավալն առաջիկայում ավելանալու է։
Փաշինյանը «Յանդեքսի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ընկերության աշխատանքի հեռանկարները
«Այդ աշխատանքն անպայման կվերադառնա շատ կոնկրետ արդյունքով։ Այդ արդյունքն այն ազատ, երջանիկ և հզոր հայրենիքն է, որում ապրելու են մեր և ձեր սերունդները։ Սա այն մեծ առաքելությունն է, որին կարելի է ծառայել առանց հոգնելու»,– ասաց Փաշինյանը` մասնագիտական տոնի առիթով շնորհավորելով քննչական համակարգի աշխատակիցներին։
Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին. ի՞նչ են քննարկել նրանք
Ելույթից հետո ՀՀ վարչապետը պետական պարգևներ ու շնորհակալագրեր հանձնեց համակարգի մի շարք աշխատակիցների։