«Ո՞վ եմ ես, որ ասեմ...». բացառիկ հարցազրույց Արմին վան Բյուրենի հետ

Աշխարհահռչակ երաժիշտ, հոլանդացի դիջեյ Արմին Վան Բյուրենը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է երևանյան համերգի, արհեստական բանականության և տեխնոլոգիական առաջընթացի առավելությունների ու վտանգների, տրանս երաժշտության անցյալի ու ապագայի մասին։
Sputnik

Դիջեյ Արմին Վան Բյուրենն արհեստական բանականությանը բացարձակ դեմ չէ, չնայած հասկանում է մարդկանց վախերն առ այն, որ արհեստական բանականությունը գնալով հզորանում է և մի օր լինելու է ավելի հզոր քան, մարդը։

Հայտնի դիջեյ Արմին վան Բյուրենն Instagram-ում արդեն Հայաստանի PR-ն է անում. լուսանկարներ

«Այդուհանդերձ, ես կենտրոնանում եմ արհեստական բանականության առավելությունների վրա, ստեղծվում է երաժշտություն, որը չէր լինի առանց նրա օգնության, ու անհամբեր սպասում եմ, թե էլ ինչ է մեզ ընձեռելու արհեստական բանականությունը: Առաջընթացը միշտ էլ վախեցնող է եղել, բայց պատմությունն ապացուցել է, որ դա միմիայն ժամանակի հարց է: Օրինակ՝ հիշում եմ` երբ առաջին անգամ ներկայացվեցին սմարթֆոնները, նույնպես կար այդ վախը, բայց միայն տեսեք, թե որքան են սմարթֆոնները թեթևացրել մեր կյանքը. մենք կարող ենք վճարումներ ու պատվերներ անել, ստուգել եղանակը կամ ճանապարհային խցանումները»,– ասում է նա։

Անդրադառնալով երաժշտության կենդանի կատարմանը` նա նշում է` կարևորն այն է, թե օրվա վերջում ինչ է կատարվում ելույթի ժամանակ:

«Եթե մարդիկ լավ ժամանակ են անցկացնում, ո՞վ եմ ես, որ ասեմ, թե տվյալ դիջեյի մեթոդը լավն է կամ լավը չէ: Բազում երգիչներ կան, որ կենդանի կատարմամբ չեն երգում կամ ընկնում են տակտից, բայց շոուն շարունակում է ուրախացնել: Չնայած որ ես ինքս մատուցում եմ բացառապես կենդանի նվագ` ավտոմատ սինխրոնիզացիայի կոճակին երբեք չդիպչելով»,– ասում է նա։

Հայաստան ժամանեց աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը. լուսանկարներ

Բյուրենին դուր է գալիս այն տեղը, որ այսօր ունի տրանս երաժշտությունը։

«Պարտադի՞ր է, որ տրանսը լինի էլեկտրոնային երաժշտության ամենապոպուլյար ժանրը, չեմ կարծում: Տրանս երաժշտության ապագան նույնպես հուսալի ձեռքերում է` շնորհիվ այն նոր երիտասարդ արտիստների, որոնցով ես իրոք հիանում եմ»,– նշում է դիջեյը։

Հիշեցնենք, որ Արմին վան Բյուրենը WCIT 2019–ի շրջանակում հոկտեմբերի 9-ին ելույթ ունեցավ Երևանի Հանրապետության հրապարակում։ Mezzo Production-ի կազմակերպած համերգի հյուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսում է նաև երիտասարդ արտիստների մասին և նշում, որն է իր սիրած գիրքը, խաղը և ֆիլմը։

Մանրամասները` տեսանյութում։