Փաշինյանը շնորհավորել է Պուտինին. ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

ՀՀ վարչապետը ՌԴ նախագահին, նրա հարազատներին ու մտերիմներին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և երջանկություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առիթով: Փաշինյանը ՌԴ նախագահին, նրա հարազատներին ու մտերիմներին մաղթելով քաջառողջություն, բարօրություն և երջանկություն:

Սունկ է հավաքել և ամենագնաց վարել. ինչպես է Պուտինը հանգստանում տայգայում. տեսանյութ

«Մաղթում եմ Ձեզ հաջողություններ պետության ղեկավարի առաքելության իրականացման և Ձեր բոլոր ծրագրերի ու գաղափարների կյանքի կոչման գործում: Շատ ուրախ էի, որ առիթ ունեցա հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում: Մեր երկկողմ հանդիպումը Երևանում և դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են փոխըմբռնման և բարեկամության բարձր մակարդակը, որը բնորոշ է մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերություններին»,– նշված  է ուղերձում:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնական այցով Ռուսաստան այցելելու հրավերի համար և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առավել ամրապնդել 2 երկրների միջև ռազմավարական գործընկերությունը և գտնել նոր ուղիներ դրա հետագա կատարելագործման համար` ժամանակակից պահանջներին և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան: