ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. «Նովի միրը»՝ հավանաբար ԽՍՀՄ-ում ամենաշատ ընթերցվող հաստափոր ամսագրերից մեկը, վախեցել է հրապարակել Վասիլի Գրոսմանի ճամփորդական նոթերը Հայաստանի մասին։ Այդ շրջանի ամենահայտնի գրողների մեկին ասել են, որ նա հանի մի պարբերություն, հակառակ դեպքում ոչինչ չի հրապարակվի։ Գրոսմանը նույնչափ կտրուկ պատասխանել է․ «Ամեն ինչ կամ ոչինչ»։
Արդյունքում խնդրահարույց պարբերությամբ պատմվածքը լույս է տեսնում «Իզվետսիայի» կիրակնօրյա հավելվածում՝ «Նեդելյա» շաբաթաթերթում։ Այդ ժամանակ շաբաթաթերթի գրականության ու արվեստի բաժնի ղեկավարն էր Նատելա Լորդկիպանիձեն։
Այնպես է ստացվել, որ հերթական համարում հրապարակման համար հետաքրքիր ոչինչ չի եղել, և Լորդկիպանիձեն զանգահարել է «Նովիյ միրում» աշխատող ընկերուհուն։
«Վասիլի Գրոսմանը մի փոքր պատմվածք է ուղարկել, կոչվում է «Բարև ձեզ»։ Վաղուց են հավաքել, բայց չի հրատարակվում պարբերության պատճառով, որում հայը կենաց է ասում՝ համեմատելով ցեղասպանություն ապրած իր ժողովրդի ճակատագիրը հրեաների ճակատագրի հետ», - պատմում է ընկերուհին։
Մեջբերենք Լորդկիպանիձեի խոսքերը․
- Միայն դրա պատճառով չեք տպո՞ւմ, - հարցրել է նա ընկերուհուն։
- Այո, Գրոսմանը չի համաձայնում հանել։ Ասում է`ամեն ինչ կամ ոչինչ։
Ի վերջո, «Բարև Ձեզը» վերցրել են, «Նեդելյայի» գլխավոր խմբագիրը ռիսկի է դիմել և տպագրել ամբողջը։
«1963թ-ի սեպտեմբերի 28-ին մեզ մոտ տպագրվեց «Սևան» հոդվածը՝ «Տարեց մարդու նոթերից» ենթավերնագրով։ Ահա դրանից հետո էլ սկսվեց․․․ Համարը մենք հանձնեցինք ուրբաթ, և շաբաթ օրը, սովորաբար, չէինք լինում խմբագրությունում։ Բայց չեմ հիշում, թե ինչու գնացի, և ինձ անհապաղ կանչեցին «Իզվեստիայի» գլխավոր խմբագրի տեղակալի մոտ (այդ ժամանակ գլխավոր խմբագիրը Աջուբեյն էր՝ Նիկիտա Խրուշչովի փեսան՝ խմբ․)», - իր պատմությունը շարունակում է Լորդկիպանիձեն։
Գիշերային գործուղում փախած կալանավորի հետ, կամ ինչի համար է բժիշկ Ռոշալը սիրել Հայաստանը
Ի՞նչն էր զայրացրել, ավելի ճիշտ վախեցրել տեղակալին, այն էլ այդքան սաստիկ, որ նա անհապաղ մի շարք խստագույն հրամաններ էր տվել։ Վերջին պարբերությո՞ւնը։ Կենա՞ցը։ Պարզվել է, որ ոչ մեկի, ոչ մյուսի մասին խոսք չի գնացել։ Վախեցրել է Գեղարդ «ժայռաքաղաքի» մասին հատվածը՝ բացատրությամբ, որ դրա քարանձավներում մինչև հիմա մարդիկ են ապրում։
«Քաղաքը գոյություն է ունեցել տասնյակ տարիներ, այն բավական հարմարավետ է եղել, կարելի էր տեսնել հեռուստատեսային ալեհավաքներ, իսկ մարդիկ ապրում էին ռուսաստանցիների համար անսովոր պայմաններում՝ հարմարավետ քարանձավներում», - գրել է Գրոսմանը։
Ինչպե՞ս, խորհրդային մարդիկ ապրում են քարանձավներո՞ւմ։ Մեր երկրում կոմունիզմ կառուցելու շրջանո՞ւմ։
Ոչ մի բացատրություն չի ընդունվել։ Ղեկավարությունն անդրդվելի էր․ հեղինակին հոնորար չվճարել, իսկ տպաքանակի այն մասում, որը դեռ լույս չի տեսել, «Սևանը» փոխարինել ուրիշ նյութով։
«Այդպես էլ արեցինք։ Ես ինձ սփոփում էի այն մտքով, որ Գրոսմանին «Նեդելյան» չի հասնի, բայց ամեն գաղտնի բան վաղ թե ուշ բացահայտվում է․․․ Եկավ Աջուբեյը, հանձնարարեց վճարել հոնորար (այդ ժամանակ «Նեդլյայում» վատ չէին վճարում), բայց առանց «Սևանի» տպաքանակն արդեն տպագրվել էր», - հիշում է գործընկերը։
Գրոսմանի արձագանքը հետևյալն էր․ «Արդյունքում տպագրեցին։ Ես գոհ եմ։ Տպաքանակն էլ մեծ է»։
40 տարի առաջ` անհնարին վիրահատություն. հայ բժիշկի բուժած հիվանդն ապրում է Ֆրանսիայում
...Ինչպե՞ս և ինչո՞ւ էր Գրոսմանը հայտնվել Հայաստանում։ Շնորհազրկված գրողը պետք է ինչ-որ կերպ գումար վաստակեր ապրելու համար, և նրան առաջարկել են ուղարկել Հայաստան՝ հայ հեղինակի գիրքը թարգմանելու։ Նա եկել է, շրջել երկրում, հանդիպել մարդկանց հետ, շփվել ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ։ Ի զարմանս հյուրի պարզվել է, որ Վազգեն Ա-ի սիրելի գրողը Լև Տոլստոյն է, որին եկեղեցին բանադրանքի (եկեղեցու կողմից պատժի արժանանալ) էր ենթարկել։
Գրոսմանը հավանել է Հայաստանը, հատկապես նրա հնագույն եկեղեցիները։ Երբ կաթողիկոսը խնդրել է պատմել տպավորությունների մասին, գրողն ասել է․ «Այստեղ հիանալի եկեղեցիներ կան, և ես կուզեի գիրքն այնպես գրել, ինչպես կառուցված են եկեղեցիները՝ շատ զուսպ, բայց որպեսզի յուրաքաչյուրի մեջ ապրի Աստված»։
Գրողի ընկեր Սեմյոն Լիպկինը պատմում է, որ մի անգամ Գրոսմանը հրավիրվել է գյուղական հարսանիքի։ Այնտեղ ոչ ոք ռուսերեն չի խոսել, Գրոսմանին պատվավոր տեղում են նստեցրել, սեղանը գլխավորել է ծերունի։ Նա սկսել է կենաց ասել, և Գրոսմանին բացատրել են, որ կենացն իր պատվին է և սկսել են թարգմանել։
Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել
Ի՞նչ է ասել ծերունին։ Նա ասել է, որ իրենց մեջ գրող կա, նա հրեա է, հայերը գիտեն, թե որքան շատ վիշտ է տեսել հրեա ժողովուրդը (պատերազմի մասին հիշողությունը դեռ թարմ էր)։ Գրողը գրելու շատ բաներ կունենար իր ժողովրդի մասին, բայց նա գրել է նաև հայ ժողովրդի մասին։ Ծերունին հավելել է, որ նա ուզում է խմել այն հայի կենացը, որը կգրի հրեա ժողովրդի տառապանքների մասին։ Եվ գիտե՞ք` ինչն է ամենից շատ զարմացրել գրողին։ Այս խոսքերն ասելիս ծերունին նայել է ոչ թե հյուրին, այլ երիտասարդներին։
Ավելի ուշ Գրոսմանը գրում է Լիպկինին, որ այդ օրն ափսոսել է, որ Լիպկինն իր հետ չի եղել գյուղում․ «Ես անընդհատ մտածում էի, որ դու այստեղ կկանգնեիր ու կարտասվեիր ու ես բանաստեղծություն կգրեի, որը կարդալիս մարդիկ նույնպես կարտասվեին։ Եվ այդ ամենը խստաշունչ քարաբեկորների մեջ՝ կապույտ երկնքի և Արարատի շողշողացող ձյունե գագաթի ֆոնին, այն նույն լեռան, որը տեսել են Աստվածաշունչ գրող մարդիկ։ Սյոմա, այդ ամենը շատ հոգեցունց է։ Երբ հանդիպենք, ամեն ինչ մանրամասն կպատմեմ, միգուցե ինքդ էլ ամեն ինչ կտեսնես քո աչքերով։ Արժե, պետք է․․․»։
Հավանաբար արժե այցելել Հայաստան ոչ միայն համեղ ուտելիքներ համտեսելու, այլ նաև կապույտ երկնքի ֆոնին Հայոց հնագույն լեռը տեսնելու համար, որը տեսել են նրանք, ովքեր գրել են Աստվածաշունչը։