Հայաստանն ավելի քիչ տոկոսներ կվճարի. ֆինանսների փոխնախարարը բացահայտել է «մեխանիկան»

Օտարերկրա ներդրողները տեսել են, որ Հայաստանը խելամտորեն է տնօրինում իր պարտքերը։ Դա բարձրացրել է երկրի ֆինանսների նկատմամբ վստահությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Նոր արժութային պարտատոմսեր թողարկելով` Հայաստանը կկրճատի դրանց սպասարկման ծանրաբեռնվածությունը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին հայտnեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը։

Պարտք` հանուն պարտքի. ի՞նչ կտա շարքային քաղաքացուն Նիկոլ Փաշինյանի հայտնած լավ լուրը

Սեպտեմբերի 26–ին Հայաստանի ֆինանսների նախարարությունը թողարկել է 500 միլիոն դոլարի պարտատոմսեր` 10 տարի մարման ժամկետով։ Թողարկումն իրականացվել է նախկինից ցածր տոկոսներով։  2013թ.–ին ՀՀ կառավարության թողարկած 700 մլն դոլարի եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմել էր 6.25 տոկոս, իսկ այժմ` 4,2 տոկոս։

Շուկայում փող ստանալով նոր պարտատոմսերի համար` ֆինանսների նախարարարությունը գնել է հների մի մասը, այսինքն մարել է հին, թանկ պարտքը (որի ժամկետը լրանում էր 2020թ–ին), իսկ դրա փոխարեն թողարկել նորը` ավելի էժանը։ 2019-2020թթ–ին Հայաստանը պարտատոսմերի համար կվճարի ոչ թե 6,0 տոկոս, այլ 3,95։ Դրա շնորհիվ, գերատեսչության հաշվարկներով, Հայաստանը կտնտեսի 10,2 մլն դոլար։

Ինչպե՞ս է հաջողվել հասնել դրան

Փաշինյանը լավ լուր ունի. Հայաստանի եվրապարտատոմսերի տոկոսադրույքները նվազել են

Առաջին հերթին, նրա շնորհիվ, որ Հայաստանի արտաքին պարտքը չի աճում։ Ավելին, բյուջետային քաղաքականությունից կարելի է հասկանալ, որ հանրապետությունը բավականաչափ հարկեր է հավաքում և ոչ թիրախային ծախսեր չի անում։ Հայաստանի ֆինանսական համակարգի նկատմամբ վստահությունը բարձրացրել է նաև ստվերային տնտեսության կրճատման շնորհիվ հարկահավաքման 25 տոկոս աճը։ Այսինքն ներդրողները ռիսկեր չեն տեսնում բյուջեի հետ, պարզաբանեց փոխնախարարը։

Երկրորդ դրական գործոնը դարձել է Moody"s–ի վարկանիշի բարելավումը։

Լավ կատարված «տնային առաջադրանքի» հետ միասին, Հայաստանի կառավարությունը կարողացել է ընտրել շուկայում ամենանպաստավոր պահը պարտատոմսերը թողարկելու համար։

Moody"s–ն ու Հայաստանը. ինչ կտա վարկանիշի բարձրացումը երկրին և հասարակ քաղաքացուն

«Առաջին հերթին, այդ ժամանակ շուկայում շատ թողարկողներ չկային, և ձեռնտու էր պահանջարկ–առաջարկ հավասարակշռությունը։ Երկրորդ, ԱՄՆ–ի դաշնային պաշարները նվազեցրել են առանցքային տոկոսադրույքը, ուստի նվազել են նաև շուկայի այլ պարտատոմսերի տոկոսադրույքները»,–ասաց Հայրապետյանը։

Եթե Հայաստանը կարող է ֆինանսական շուկաներում գումարներ ստանալ համեմատաբար ցածր տոկոսադրույքով, դա նշանակում է, որ հիմա նա ավելի քիչ է կախված միջազգային վարկերից։

Նախկինում, երբ Հայաստանը եկամտի ցածր մակարդակով երկիր էր` օգտվում էր արտոնյալ վարկերից (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, Ասիական զարգացման բանկ և այլն)։ Հիմա, երբ հանրապետությունն անցել է եկամտի միջին մակարդակով երկրների շարքը, նրա համար բարձրացել են նաև ապագա վարկերի տոկոսները։

«Բայց հիմա մենք ընտրություն ենք ունենալու։ Եթե միջազգային բանկերը մեզ առաջարկեն չափազանց բարձր տոկոսներ, ապա մենք կարող ենք դուրս գալ լայն շուկա, այսինքն թողարկել պարտատոմսեր»,– հայտարարեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ 2013թ–ին Հայաստանը թողարկել է արտարժույթով առաջին պետական պարտատոմսերը` 700 միլիոն դոլարի չափով, 6,25 տոկոս եկամտաբերությամբ, 7 տարի մարման ժամկետով։ 2015թ–ին հետևել է երկրորդ թողարկումը` 7,5 տոկոս եկամտաբերությամբ, 10 տարի ժամկետով։ Վերջապես, երրորդ թողարկումը կազմել է 500 միլիոն դոլար` 10 տարի մարման ժամկետով, 4,2 տոկոս եկամտաբերությամբ։ Պարտատոսմերը շրջանառվում են Դուբլինի Euronext ֆոնդային բորսայում։