ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Դատարանը բավարարել է Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Հարությունյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը բավարարել է նաև Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Նրանք մեղադրվում են դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդում ու ոտնձգություն իրականացնելու համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 20:15-ի սահմաններում մի խումբ անձինք հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին և անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձել են հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր Facebook սոցիալական ցանցի էջում այս թեմայով գրառում էր կատարել։ Նախարարը գրել է, որ խստորեն դատապարտում է դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ հետապնդումն ու ոտնձգությունը։ Նման դեպքերը, ըստ նրա, պետք է բացառվեն ու խստորեն պատժվեն:
Դանիբեկյանի հետապնդման քրգործով ձերբակալված տղաների փաստաբանը հայտարարություն է տարածել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ էր ընդունել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։