«Մենք միշտ հիշում ենք ձեր սխրանքը». Սարգսյանն ու Փաշինյանը շնորհավորել են Ռիժկովին

Հայաստանի Հանրապետության նախագահն ու վարչապետն իրենց շնորհավորական ուղերձներում հատուկ շեշտել են Ռիժկովի անգնահատելի օգնությունը հայ ժողովրդին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 90-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ռուս անվանի պետական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ինչպես Ռիժկովը բարկացավ Գորբաչովի վրա` Սպիտակի երկրաշարժի օրերին

«Հայաստանի, ողջ հայ ժողովրդի համար դուք անկեղծ և հուսալի բարեկամ եք, որը մեզ հետ է թե՛ ուրախության, թե՛ դժվար փորձությունների պահին: Մենք միշտ հիշում ենք Ձեր սխրանքը՝ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի առաջին շաբաթներին և ամիսներին, երբ դուք գտնվում էիք աղետից տուժած շրջաններում և գիշերուզօր ղեկավարում էիք փրկարարական ու վերականգնողական աշխատանքները: Ձեր անկեղծ սրտացավությամբ, ջերմությամբ ու նրբազգացությամբ Դուք արժանացել եք համընդհանուր սիրո ու երախտագիտության: Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչումի շնորհումը Ձեր կատարած աշխատանքի արժանի գնահատականն էր: Վերջին տարիներին նույնպես դուք եղել և մնում եք Հայաստանի կողքին»:

Նախագահը Նիկոլայ Ռիժկովին մաղթել է քաջառողջություն, եռանդ և հաջողություններ իր պետական գործունեության մեջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղերձում նշել է, որ Ռիժկովն իր ստեղծագործական աշխատանքով և նվիրվածությամբ իրավամբ համաժողովրդական հարգանք և ճանաչում եք վաստակել եղբայրական Ռուսաստանում:

«Հայաստանում ձեզ ճանաչում և սիրում են ոչ միայն որպես ականավոր քաղաքական գործչի, այլև որպես հայ ժողովրդի իսկական ընկերոջ, որը մեզ անգնահատելի օգնություն է ցուցաբերել Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո: Եվ պատահական չէ, որ աշխատանքի կազմակերպման գործում ունեցած անձնական մեծ ներդրման և դժվարին ժամանակներում հայ ժողովրդին բացառիկ բարոյական աջակցություն ցուցաբերելու համար դուք իրավամբ արժանացել եք «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը»,– նշել է վարչապետը:

Ովքեր են Հայաստանի ազգային հերոսները. 16-րդ հերոսը

Փաշինյանը նշել է, որ Ռիժկովը միշտ ցանկալի հյուր է Հայաստանում:

Նիկոլայ Ռիժկովը Հայաստանի ազգային հերոսի կոչում է ստացել 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ավանդի համար: Կոչումը շնորհվել է 2008 թվականին։ Գյումրիում տեղադրված է Ռիժկովի հուշատախտակը՝ դիմաքանդակով, Սպիտակում՝ կիսանդրին։ 1988-ի դեկտեմբերի 7-ին նշանակվել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքները ԽՍՀՄ մասշտաբով համադրելու և տուժածներին օգնություն ցույց տալու համար ստեղծված ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի հանձնաժողովի նախագահ։ Եղել է աղետից տուժած վայրերում, հսկայական կազմակերպչական աշխատանք կատարել բնակչությանն անհետաձգելի օգնություն ցույց տալու, ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու ուղղությամբ։