ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. «Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ (հատկապես կարևոր գործերով) քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,– գրել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հյուսիս–հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերով մեղադրանք էր առաջադրվել Լևոն Սարգսյանին` ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը: Նա մեղադրվում էր քրեական օրենսգրքի երկու հոդվածների խախտման համար` 190-րդ (Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը) և 311 պրիմ 2–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը)։
Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ Սարգսյանն իրեն վերագրված մեղադրանքը չի ընդունում։ Պաշտպանը Սարգսյանի տեսակետը ներկայացրել է քննչական մարմնին։
Սերժ Սարգսյանի եղբոր խափանման միջոցի գործով բողոք է ներկայացվել
Հիշեցնենք, որ Լևոն Սարգսյանի դեմ հարուցված ևս մեկ քրգործ կա։ Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում 06.07.2018թ.-ին ծառայության քննիչի կողմից որոշում էր կայացվել Լևոն Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել և որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։
Սերժ Սարգսյանի եղբոր գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. ՀՔԾ