Երաժշտական աշխարհում չկա մեկը, որ երբևէ լսած չլինի «Զիլճյան» ծնծղաների մասին։ Եթե համարձակվեք հարցնել որևէ պրոֆեսիոնալ երաժշտի, թե արդյո՞ք նա գիտի Զիլճյանների մասին՝ դա հավասարազոր կլինի վիրավորանքի։ Միգուցե մի քիչ չափազանցրի, բայց, օրինակ, ես երբ ամուսնուս հարցրի, թե արդյո՞ք նա լսել է Զիլճյանների մասին, վերջինս լուռ դուրս եկավ սենյակից ու վայրկյաններ անց վերադարձավ «Զիլճյան» գրությամբ ծնծղան ձեռքին։
Ովքե՞ր էին Զիլճյանները, և ինչպե՞ս սկսվեց այս գերդաստանի անհավանական պատմությունը։
17-րդ դարն էր․ Կոստանդնուպոլսում ապրող հայտնի վարպետ, ալքիմիկոս Քերովբե Ավետիսը փորձում էր տարբեր մետաղների միախառնումից ոսկի ստանալ։ Հերթական ալքիմիական գիտափորձի ընթացքում ոսկի չստացավ, բայց փոխարենը ստացավ բացառիկ մաքուր և նաև երկար հնչողություն ունեցող մի նյութ։ Վարպետը սկսեց մտածել, թե ինչպես և որտեղ կարելի է կիրառել այդ հնարավորությունը։ Այդպես ստեղծվեց ծնծղայի նախատիպը։ Երաժշտական այս նոր գործիքը որոշ ժամանակ անց շատ հայտնի և կիրառական դարձավ թուրքական բանակում․ զինվորներն այն օգտագործում էին թշնամուն վախեցնելու համար։ Գործիքը թուրքերն անվանում էին զիլ, իսկ վարպետին՝ զիլճի, որ նշանակում է «ափսեների վարպետ»։ Այդպես էլ Քերովբե-Ավետիսը «զիլճիին» ավելացրեց հայկական ազգանվան վերջածանց «յանը» և դարձավ Զիլճյան գերդաստանի հիմնադիրը։ Այսպիսով, 1623 թվականից սկսվեց Զիլճյան ծնծղաների պատմությունը։
Այդպես, 1929 թվականին Մասաչուսեթսի նահանգի Քուինս քաղաքում հիմնադրվում է «Avedis Zildjian Co.» ընկերությունը։ Զիլճյանների գերդաստանից թերևս ամենամեծ հաջողությունները հենց այս Ավետիս Զիլճյանը գրանցեց։ Ջազի ժամանակաշրջանն էր, և Ավետիսն անձամբ այցելում էր երաժշտական տարբեր խանութներով՝ նրանց առաջարկելով իրենց արտադրանքը։ 1938 թվականին նա արտոնագրեց նոր տեսակի ծնծղաներ, որոնք օգտագործվում են սվինգ երաժշտական ժանրի կատարումներում։ Մեկ տարի անց Նյու Յորքի Համաշխարհային ցուցահանդեսում այն արժանացավ Ոսկե Մեդալի՝ միանգամից համալրելով հայտնի երաժիշտներ Գլեն Բիլմորի և Բենի Գուդմենի գործիքների շարքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ավետիսը պետական պատվեր է ստանում՝ ԱՄՆ զինվորական նվագախմբին ապահովել «Զիլճյան» գործիքներով։
Երաժշտական կատարյալ հնչողություն ապահովող մետաղական խառնուրդի գաղտնիքն արդեն գրեթե 400 տարի է՝ չի գաղտնազերծվում։ Մինչև 19-րդ դարի կեսերը, ասում են, այն անգամ գրի չէին առնում, որպեսզի ամեն կերպ բացառեին ինֆորմացիայի արտահոսքը: Գաղտնիքը փոխանցում էին բերնեբերան, ընդ որում, հատուկ արարողակարգով։ Ըստ Ավետիսի սահմանած կարգի՝ գաղտնիքը փոխանցվում էր հորից միայն ավագ որդուն։ Ամեն ինչ մշակված էր այնպես, որպեսզի Զիլճյան գերդաստանը պահպաներ իր մենաշնորհային դիրքը ծնծղայի համաշխարհային արտադրության մեջ։
Աշխարհահռչակ գրեթե բոլոր հարվածային գործիքների երաժիշտներն ունեն Զիլճյան ծնծղաներ, ամենամեծ հայտնիությունն անշուշտ այս գործիքներին բերեց Ռինգո Սթարը՝ բազմապատկելով պահանջարկը։ «Զիլճյան» փորագրությունը կրող ծնծղաները գործածվում են աշխարհի բազմաթիվ սիմֆոնիկ, փողային եւ էստրադային նվագախմբերում:
Ամենաթանկ գործիքները համարվում են ձեռքի աշխատանքով պատրաստվածները. դրանց արժեքը կարող է 15 հազար դոլարի հասնել, մինչդեռ սերիական արտադրության նմուշները կարելի է ձեռք բերել 1000 կամ 2000 դոլարով։
Զիլճյանների ընտանիքի արտադրած ծնծղաները եվրոպական և ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի՝ Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր։ Հայտնի է, որ ավստրիացի երգահան և խմբավար Յոհան Շտրաուսը պատվիրել է այդ ծնծղաներից` նշելով, որ դրանց շնորհիվ լրացրել է իր նվագախմբի հարվածային գործիքների ակնհայտ պակասը:
Այսօր ընկերությունը ղեկավարում են արդեն 14-րդ սերնդի ներկայացուցիչներ Քրեյգի և Դեբի Զիլճյանները՝ Արման Զիլճյանի դուստրերը։ Ընդ որում, խառնուրդի գաղտնիքը մինչև այսօր պահպանվում է հազար փակի տակ, անգամ ընկերության զարգացման պատասխանատուները չեն տիրապետում գաղտնիքին։
Զիլճյանների գաղտնիքի և այս գերդաստանի ֆենոմենի մասին հաճախ են անդրադարձ կատարում միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները։ Ամենից շատ ապշեցնում է այն, որ ըստ կատարված համաշխարհային հետազոտության՝ ընտանեկան բիզնեսները սովորաբար միայն երեք սերունդ են գոյատևում, իսկ այս դեպքում արդեն 14-րդ սերունդն է։ Այսօր «Զիլճյանը» պաշտոնապես ճանաչված է որպես ԱՄՆ-ի ամենահին ընտանեկան բիզնեսը։