Քոչարյանի խափանման միջոցի հարց չի կարող քննարկվել. արդարադատության նախարար

Ռուստամ Բադասյանը կարծում է, որ ՍԴ–ի կողմից Քոչարյանի հայցը քննելու պրոցեսը կասկածելի է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135–րդ հոդվածի 2–րդ մասը ՍԴ–ն հակասահմանադրական չի ճանաչել, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարց չի կարող քննարկվել։ Այս մասին «Շանթ» ՀԸ «Հեռանկարի» տաղավարում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«ՍԴ–ն երկու հոդվածի սահմանադրականություն է քննարկել և ՀՀ Քրեական դատավորության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2–րդ մասը, որը վերաբերում է հիմնավոր կասկածի չափանիշի ստուգմանը կալանքի հարցը քննարկելիս` Սահմանադրությանը համապատասխան է»,–ասել է նա։

Հարցին, թե արդյո՞ք ՍԴ–ն իրավասու էր քննել Քոչարյանի հայցերը, քանի որ մինչ այդ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը հարց էր բարձրացրել, որ ՍԴ–ն իրավասու չէ դրանք քննել` նախարարը պատասխանեց, որ պրոցեսը որոշակի առումով կասկածելի է եղել։

ՍԴ–ի որոշման համաձայն` կալանավորմամբ խախտվել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքը. Արամ Վարդևանյան

«Եթե առկա էին անհնարինության մասին տվյալներ, ՍԴ դատավորները պարտավոր էին դրա մասին հայտնել և սահմանված ընթացակարգով որոշում պետք է կայացվեր՝ արդյո՞ք անհնարին է իրենց մասնակցությունը տվյալ գործին որոշակի հանգամանքներից ելնելով, թե՞ ոչ»,–հայտնել է նա։

Ինչպես Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ընդունեցին ՍԴ–ի որոշումը. տեսանյութ

Մեկ այլ հարցի, թե ՍԴ այս որոշումը ենթակա՞ է պարտադիր կատարման, թե՞ ոչ` նախարարը պատասխանել է, որ ՍԴ ցանկացած որոշում ենթակա է պարտադիր կատարման:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը երեկ հրապարակել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշումը։

Մեկ ժամ առաջ եմ խոսել հորս հետ. ի՞նչ ակնկալիք ունի Ռոբերտ Քոչարյանը ՍԴ–ից

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնել էր, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչվել է Սահմանադրության 61, 63 հոդվածներին հակասող։ Իսկ նույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը (խափանման միջոց կիրառելու հիմքերի) համապատասխանում է Սահմանադրությանը։

ՍԴ որոշումը, ըստ ՍԴ–ում Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, փաստում է այն մասին, որ կալանավորումը, որը կիրառվել է Քոչարյանի նկատմամբ, խախտել է նրա անձնական ազատության իրավունքը։ Նրա խոսքով` եթե ՍԴ–ն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է` Քոչարյանի կալանավորումը չի կարող իրավական լինել։