Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա
Հայ հայտնիներից շատերը վերջին տարիներին մշտական բնակություն հաստատեցին ԱՄՆ-ում։ Այս առումով երգիչ Արման Հովհաննիսյանը պահպանողական է։ Թեպետ նա 2014 թվականին ընտանիքի հետ գրին քարտ է շահել, սակայն չի պատրաստվում լքել Հայաստանը։ Ասում է` այստեղ իրեն լավ է զգում, այստեղ է իր տունը։ Sputnik Արմենիան Արման Հովհաննիսյանի հետ զրուցել է տևական ժամանակ համերգներ չտալու, բարձր հոնորարների, հարկային պարտավորության և ստեղծագործական նորությունների մասին։
Լրատվամիջոցներում հաճախ է քննարկվում այն հարցը, որ երգիչը Հայաստանից չի հեռանում, որովհետև այստեղ էլ նրա եկամուտները ցածր չեն. ժամանակ առ ժամանակ հրապարակվող բարձր հոնորարներ ունեցող երգիչ-երգչուհիների ցուցակներում նա առաջատարների թվում է։ Ասում են`Արման Հովհաննիսյանի հոնորարները կազմում են 20 000 -30 000 դոլար։
Ինքը` Արման Հովհաննիսյանը, նման լուրերին հումորով է վերաբերվում ու նշում է, որ շատ է ցանկանում, որ իր ազգն այնքան լավ ապրի, որ երգիչներն էլ իրենց ելույթի համար կարողանան 1-2 միլիոն դոլար պահանջել։
«Եթե անգամ մենք մեկ -երկու անգամ նման գումար ենք աշխատել, հետո այդ վճարողները մեզ հարազատ մարդիկ են դարձել, որոնցից մենք այլևս գումար չենք վերցրել»,-ասում է Արմանը:
Վերջին շրջանում Պետեկամուտների կոմիտեն հայտարարեց, որ շոու բինեսի ներկայացուցիչները ևս պետք է հարկ վճարեն: Շատ հայտնիներ ընդվզեցին, շատերն էլ իրենց պարտքը համարեցին հարկ մուծելը, քանի որ դա օրինական է և օգուտ է Հայաստանին։
Պարզվում է` Արմանն առաջին տարին չէ, որ հարկ է վճարում։ Իր գործունեության առաջին օրվանից սկսած նա պատշաճ կատարում է հարկային պարտավորությունները` համարելով դրանք բնական երևույթ։ Երգիչն անգամ զարմանում է, որ Պետեկամուտների կոմիտեն չի տիրապետում հստակ տեղեկատվության, թե հայտնիներից ով է հարկատու, ով՝ ոչ։
«Ես 10 տարի է հարկ եմ մուծում, ինչի են մեր անունը կեղտոտում: Եթե ես հայրենասեր եմ, ապա իմ գործունեության հենց առաջին օրվանից պետք է հարկ մուծեմ»,-ասում է երգիչն ու նեղսրտում դիտարկումից, թե իրեն ռաբիս երգիչ են համարում:
Արման Հովհաննիսյանը պարզաբանում է, որ իր բոլոր համերգների ժամանակ նա ամենաքիչը 3-4 աշուղական, գուսանական երգ է կատարում: Համոզված է, եթե նա միայն ժողովրդական և գուսանական երգեր երգի, միապաղաղ կլինի, և մարդիկ ուղղակի համերգների չեն գա և լիաթոք չեն ուրախանա։
Ի դեպ, երգիչը մեզ հայտնեց, որ պատրաստվում է 2020 թվականին մեծ մենահամերգ ունենալ Կ․Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Նշենք, որ Արման Հովհաննիսյանի կրտսեր դուստրը ևս երգում է, բայց նա կշարունակի հոր ճանապարհը, թե ոչ`ժամանակը ցույց կտա։
«Ավագ դուստրս ուզում է դիզայներ դառնալ, հավանաբար, ուսումը կշարունակի ԱՄՆ-ում: Փոքր աղջիկս սիրում է երգել, բայց շատ ամաչկոտ է: Նաև` մինչև իմ աղջիկը չափից ավելի տաղանդավոր չլինի, չի երգի: Նա չի դառնա երգչուհի միայն նրա համար, որ իմ աղջիկն է, որովհետև դա ծիծաղելի կլինի»,–ասում է Հովհաննիսյանը:
Ի դեպ, զբաղվածության պատճառով երգիչը դեռ ընտանեկան հանգստի չի մեկնել:Կարծում է, որ աշնանը կհասցնի հանգստանալ: Թե որտեղ կհանգստանան դեռ չի որոշել, սակայն քննարկվում է Դուբայ մեկնելու տարբերակը:
Հայտնի երգիչ Արման Հովհաննիսյանն իր երաժշտական ուղին սկսել է 1996 թվականին: Առաջին ձայնասկավառակը եղել է «Սեր և Հայրենիքը», որը թողարկել է դեռևս ուսանողական տարիներին: Ձայնասկավառակի 80 տոկոսը եղել են հայրենասիրական երգեր: 10 տարի դադարից հետո, երգիչը ճանաչվել ու սիրվել է «Սիրելիս» երգով: