ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի — Sputnik. Ոստիկանությունն աշխատանքներ է իրականացնում՝ ապօրինի ծառահատումներ կատարող մարդկանց թիկունքում կանգնած անձանց բացահայտելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։
«Ոստիկանությունն իր տեսադաշտում ունի անձանց, նրանց նկատմամբ իրականացվում է օպերատիվ աշխատանք: Անուններ այս պահին չեմ կարող տալ՝ գործի հանգամանքներից ելնելով»,– ծառահատումների թիկունքում կանգնած անձանց մասին հարցին ի պատասխան ասաց Օսիպյանը։
Նա հիշեցրեց, որ հուլիսի 17-ից հետո բերման է ենթարկվել 29 հոգի, որոնցից 13-ը ձերբակալվել են, 10-ը` կալանավորվել։
«Աշխատանքներն այս ուղղությամբ շարունակական են լինելու, մենք ունենք ցանկ, որտեղ ներառված են այն մարդկանց անունները, որոնք այդ օրը խուլիգանություն են իրականացրել, մարմնական վնասվածքներ են հասցրել ոստիկաններին»,- ասաց ոստիկանապետը։
Նա նաև նշեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցում ու այլևս թույլ չի տալու թե՛ Իջևանում, թե՛ հանրապետության այլ բնակավայրում անօրինական ծառահատումներ իրականացվեն։
Տավուշի մարզից ապօրինի փայտ տեղափոխող վարորդը հարվածել է ոստիկանության մեքենային ու փախել
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 18-ի սահմաններից սկսած, մի խումբ անձինք, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի խստացման հետ կապված իրենց դժգոհություններն արտահայտելու նպատակով փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը` խախտելով հասարակական կարգը, գործադրել բռնություն, որպես զենք օգտագործվող առարկաների՝ քարերի և մահակների գործադրմամբ, մարմնական վնասվածքներ են պատճառել ՀՀ ոստիկանության աշխատակիցներին` պատճառելով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն: