Հանրահայտ Գոմեշը Հայաստան է եկել․ նա բաց չի թողել լավ հնարավորությունը. տեսանյութ

Պորտուգալական ֆուտբոլի նախկին աստղերից մեկը ժամանել է Հայաստան։ Ի՞նչ է փնտրում Նունու Գոմեշը Հայաստանում, և ինչո՞ւ առաջին այցի ժամանակ նա այդպես էլ չի տեսել Հայաստանը։ Նա այս ամենի մասին պատմել է Sputnik Արմենիային։
Sputnik

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Նունու Գոմեշն այսօր՝ հուլիսի 17-ին, ժամանեց Երևան։ Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին ավագը «Զվարթնոց» օդանավակայանում կարճ հարցազրույց տվեց Sputnik Արմենիային։

Հինգ ֆուտբոլիստ, որոնք դեռ 19 տարեկանում «գնդակ նետեցին» աշխարհին

«Նախ ասեմ, որ ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար։ Հրավիրել է ընկերս, և, իհարկե, կդիտեմ Հայաստանի ու Պորտուգալիայի այսօրվա խաղերը: Շատ լավ է, որ երկիրը հյուրընկալում է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, սա շատ լավ հնարավորություն է, որ բոլորը լավ ֆուտբոլ դիտեն։ Ինչպես նաև մենք ակնկալում ենք սպորտ-բիզնես սկսել այստեղ գտնվող ընկերների հետ», - պատասխանեց ֆուտբոլիստը այն հարցին, թե որն է իր այցի նպատակը։

Իր հայ ընկերների մասին նախկին ֆուտբոլիստը խուսափեց խոսել՝ պատճառաբանելով, որ նրանք ցանկանում են գաղտնի մնալ։ Հիշեց, որ էլի է Հայաստանում եղել, բայց այն ժամանակ եկել էր որպես ֆուտբոլիստ և խաղացել Հայաստանի հավաքականի դեմ։ Քանի որ վերջին այցի ժամանակ կենտրոնացած է եղել խաղի վրա, Գոմեշը երկրով շրջելու ժամանակ չի ունեցել։

Պատանի ֆուտբոլիստների ամենաաստղային հնգյակը. ովքե՞ր են այս օրերին Հայաստանում

Գոմեշն առաջին անգամ Հայաստանում է եղել 2007 թվականին, երբ Եվրո 2008-ի ընտրական փուլի շրջանակում կայացած Պորտուգալիա–Հայաստան հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով:

Հիշեցնենք, որ այսօր 18:45-ին «Բանանցի» մարզադաշտում մրցելու են Պորտուգալիայի և Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականները, իսկ ժամը 21։00-ին Հանրապետական մարզադաշտում՝ Հայաստանինն ու Իտալիայինը։

Նունու Գոմեշը Պորտուգալիայի առաջնության կրկնակի չեմպիոն է, Իտալիայի գավաթի դափնեկիր, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Հանդես է եկել «Բենֆիկայում», «Ֆիորենտինայում» և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Մասնակցել է 2002 և 2006 թվականներին անցկացված աշխարհի առաջնություններին, 2000, 2004, 2008 թվականներին՝ Եվրոպայի առաջնություններին, ինչպես նաև 1996 թվականի օլիմպիական խաղերին։