«Կյանքի ու մահվան կռիվ» Երևան-Դիլիջան երթուղայինում կամ ինչ տպավորությամբ կգնա զբոսաշրջիկը

Միջքաղաքային տրանսպորտի սարսափելի վիճակի՝ կարգուկանոնի բացակայության, ժամանակացույցի խախտումների, մեքենաների հին ու շարքից դուրս եկած լինելու մասին բազմիցս գրվել ու խոսվել է։ Sputnik Արմենիայի թղթակիցն իր մաշկի վրա է այս ամենը զգացել։
Sputnik

Սիրում եմ բացահայտել Հայաստանը տուրիստի աչքերով, ունենալ այն նույն փորձառությունը, ինչ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներն են ունենում՝ ինչ ու ինչպես են տեսնում։ Նախընտրում եմ Հայաստանում ճամփորդել ոչ թե հարմարավետ տաքսիով, այլ այնպես, ինչպես մեր երկիր ժամանած սովորական զբոսաշրջիկը կաներ, ինչպես շատերս ենք անում օտար երկրներում. օգտվում տեղական տրանսպորտից՝ շփվում սովորական մարդկանց հետ, ծանոթանում, ճանաչում նրանց։ Այս անգամ ամուսնուս հետ ուղղություն վերցրեցինք դեպի Դիլիջան։ Նախապես զանգահարեցի Հյուսիսային ավտոկայան՝ ճշտելու երթուղու ժամանակացույցը։ Այդպես ուրբաթ առավոտյան 11 անց 8 րոպե հասնում ենք Հյուսիսային ավտոկայան։ Ծրագրել ենք մեկնել 12-ի երթուղով, շուտ ենք եկել, որ նախապես վճարենք, որպեսզի խնդիրներ չունենանք (Հայաստանում միջքաղաքային երթուղային տաքսուց օգտվելու առաջին փորձն է, այնպես որ բավականին անփորձ ենք մեզ պահում)։

Մեքենայից իջնում ենք թե չէ, մոտենում է գործունյա մի երիտասարդ ու հարցնում, թե ուր ենք գնում։ «Դիլիջան»,–պատասխանում ենք։

Ողբերգությունն անուն ունի՝«համատարած բառադիություն», կամ մեքենաներ, թե լիցքավորված ռումբեր

«Մի 20 րոպեից մեքենան կգա, կգնաք»,- ասում է երիտասարդն ու ձեռքով ցույց տալիս, թե որտեղ սպասենք։ Նայում եմ ձեռքի ուղղությամբ․մեծ ու ծանր թվացող ուսապարկերով 4 անգլախոս տուրիստ ուղղակի նստած են մայթեզրի քարին։ Պայուսակներով, տոպրակներով տեղացիներ խմբված սպասում են՝ բոլորի հայացքը նույն ուղղությամբ՝ երևի մեքենան հենց այդ կողմից է գալու։

«Որտեղի՞ց ենք տոմսը գնում»,- շատ միամտաբար հարցնում եմ ես։

«Տոմս չկա, կգա, կնստեք»։

«Բայց էստեղ սպասող մարդիկ ավելի շատ են, քան երթուղային տաքսիում հնարավոր տեղերը»,- блондинка շարքի հարցերը շարունակում եմ ես։

«Ով շուտ է եկել, նրանք կնստեն, ով ավելի ուշ, հաջորդին կսպասեն»,- պատասխանում է երիտասարդն ու մի կողմ գնում։

Այստեղ ինձ «այցի է գալիս անհանգստությունը», ներքուստ զգում եմ, որ հեշտ չի լինելու։ Մոտենում եմ սպասող մարդկանց, լարված կանգնում հերթում։ Ամուսինս գրեթե 20 տարի Եվրոպայում է ապրել,  հետևաբար, կենցաղային տարբեր հարցերում իմ անհանգստությունը չի հասկանում, լարվածությունս ավելորդ է համարում։ Հայերի՝ հերթ կանգնելու մշակույթի մասին գիտի, բայց միշտ լավատես է։ Ես՝ ոչ․․․

Երևանի տրանսպորտի բարեփոխումների ծրագրով հետաքրքրվել է Մինսկի ավտոմոբիլային գործարանը

Ինչևէ, «խելոք» կանգնել ենք շարքում, առայժմ սպասողների շարքում ամենաթարմ ժամանածներն ենք, մտածում ենք, որ «դե լավ, այս մեկով չգնանք, հաջորդին կսպասենք, մյուսում հաստատ տեղ կունենանք»։ Եվս մեկ մեքենա է կանգնում, երաժշտական գործիքն ուսին, ուսապարկը՝ ձեռքին զբոսաշրջիկ է դուրս գալիս, մոտենում մեզ, հանգիստ շարքում կանգնում։ Մի քանի րոպե անց սկսում են նոր մարդիկ ժամանել․մենք արդեն շատ ենք։ Մի 15 րոպե անց գալիս է երկար սպասված մեքենան։ Ու գնաց․․․Բոլորն իրար հրում են, կանայք գոռգոռում են, կռիվ անում, վիրավորում, հայհոյում մեկմեկու, նետվում երթուղայինի մեջ, քաշում իրար թևից։ Դիսպետչերը փորձում է կարգավորել իրավիճակը, բայց, բնականաբար, չի ստացվում։

Ի՞նչ է հուշում այլ երկրների փորձը, կամ ինչպես պայքարել ճանապարհային «մարդասպանների» դեմ

Կես րոպե դեռ չէր անցել, երթուղայինն արդեն լեփ-լեցուն էր։ Վարորդը բերում է ևս 2 աթոռակ (табуретка), դնում երթուղայինի միջանցիկ հատվածում, հիմա էլ սկսվում է դրսում մնացածների միջև «աննահանջ պայքար» հանուն 2 աթոռակի։ Տեսարանից ապշահար՝ մի կողմում կանգնած ենք մնացել, երաժշտական գործիքով զբոսաշրջիկը մոտեցել է երթուղայինին, դիսպետչերը հայերեն ասում է, որ «սա լցված է, տեղ չկա, այն կողմում սպասեք մյուսին»։ Մոտենում եմ, նույնը կրկնում անգլերեն, զբոսաշրջիկը շնորհակալություն  հայտնում ու հանգիստ կանգնում։

Գալիս է հաջորդ մեքենան, ամեն ինչ նորից է սկսվում, ամուսինս բացում է առջևի դուռն ու ինձ նստեցնում, ավելի ճիշտ, «փրկում է» կանանցից, մեզանից հետո հաջորդ երկար սպասողն ամերիկացի զբոսաշրջիկն էր՝ Քրիսը (արդեն հասցրել էինք ծանոթանալ և իմանալ, որ լեզվաբան է, ԱՄՆ-ից հրավիրյալ դասախոս է հայաստանյան բուհերից մեկում, ուսանողներից մեկն էլ խորհուրդ է տվել հանգստյան օրերին Դիլիջան գնալ)։ Դիսպետչերն անհույս փորձեր է անում խեղճ Քրիսին երթուղային նստեցնելու։ Իսկական Սոդոմ-Գոմոր է։ Քաղաքավարի կերպով երթուղային բարձրանալ փորձող Քրիսին ամեն հասնողը մի կողմ է քաշում, գոռում վրան, հրում։ Առաջին նստարանին 1 տեղ է մնացել, մի կին ամուր նստել է ու չի շարժվում, ասում եմ՝ «տեղ տվեք էս մարդուն», այս կինը խելահեղ գոռում է և Քրիսին հրում, չի թողնում նստել։

100 դրամանոց կյանք, կամ ճամփորդություն վառոդի վրա. գազաբալոնները փորձարկում չե՞ն անցնում

«Երեխես ա ստեղ նստելու», -ասում է և շարունակում հրել Քրիսին։ Վերջինս տեղի է տալիս, իջնում, աղջիկը բարձրանում է, նստում կնոջ կողքին։ Հիմա իմ հռետորական ելույթի հերթն է։

«Դուք հասկանու՞մ եք, որ բոլորդ էս մարդուց ուշ եք եկել։ Տիկին, անհարմար չե՞ք զգում, ինչ տպավորությամբ է էս մարդը հետ գնալու մեր երկրից»։

Քրիսը կքանստում է երթուղայինի մեջ՝ պատրաստակամ նույնիսկ այդ դիրքով հասնելու Դիլիջան։ Վերջապես կինն իր կողքին տեղ է տալիս նրան։

Ես ու ամուսինս անհարմար ենք մեզ զգում, ամբողջ ճանապարհին խոսում ենք Քրիսի հետ, փորձում պարպել լարվածությունն ու փոխել նրա տրամադրությունը։ Կինը սկսում է իրեն վատ զգալ, ինձ ասում է, որ իր փոխարեն ներողությունը խնդրեմ Քրիսից իր պահվածքի համար, անդադար ասում է՝ թարգմանեմ, որ իրենք այդպիսին չեն, ուղղակի ստացվեց․ Քրիսը ներողամիտ ժպտում է։ Կինն ամբողջ ճանապարհին փորձեր է անում արածը հարթելու։

«Անպայման զգուշացրեք, որ Դիլիջանից հետ գալն այսպես չէ, պետք է նախապես տոմս գնել, տեղերն ամրագրել, այսպես չի լինում»,- ասում է կինը։ Թարգմանում եմ։

«Բոլոլա կլինի», թե՞ հասարակական տրանսպորտի նոր ցանցը կլուծի Ռուստամի խնդիրները

Հետադարձի համար երկու օր առաջ տոմսերն ամրագրում ենք։ Մարտական եմ տրամադրված՝ «ո՞վ գիտի, բա որ էլի նույնը լինի»։ Մեկնումից 3 ժամ առաջ ավտոկայան ենք գալիս, ամեն կերպ ուզում ենք ինքներս մեզ ապահովագրել։ Վերցնում ենք ամրագրած տեղերի համապատասխան տոմսը՝ թղթի փոքրիկ կտոր՝ վրան գրված մեր տեղերը։ Ուրախ վճարում ենք 2000 դրամ ու դուրս գալիս․ արդեն հույսով լեցուն ենք, որ տեղի համար պայքարելու կարիք չի լինելու։ Իսկապես, մեքենան գալիս է, հանգիստ, առանց գոռգոռոցի զբաղեցնում ենք մեր տեղերն, ու մեքենան շարժվում է։ Թեթևության զգացում ունենք ոչ միայն մեզ, այլև Քրիսի համար։ Դիլիջան-Երևան երթուղայինում տեղ ունենալու համար Քրիսը «կյանքի ու մահվան կռիվ չի տա»։

Հ․Գ․Հաջորդիվ կպատմեմ Երևան-Գյումրի գնացքում ունեցած փորձառության մասին։