Նախկին և ներկա ղեկավարները ցավակցություններ են հղել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ

Արման Կիրակոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար  Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն են  հայտնել դեսպան Արման Կիրակոսյանի հարազատներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ:

«Ցնցված եմ Արարատում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից». Փաշինյանը ցավակցել է

«Խոր ցավով տեղեկացա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի անժամանակ մահվան մասին: Փորձառու և իր երկրին տարիներ շարունակ ազնվորեն ու անվերապահ ծառայած հմուտ դիվանագետի, մտավորականի, մարդկային որակներով բացառապես խորին հարգանքի արժանի համեստագույն մարդու` Արման Կիրակոսյանի մահը ցավալի կորուստ է Հայաստանի համար: Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Կիրակոսյանների ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին: Աղոթում եմ Արման Կիրակոսյանի հոգու հանգստության համար և հարգանքով գլուխ խոնարհում նրա լուսավոր հիշատակի առջև»,- ասված է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում, հայտնում են նրա գրասենյակից:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս իր ցավակցություն է հայտնել Արման Կիրակոսյանի մահվան կապակցությամբ: Նա իր Twitter-ի էջում գրել է.

«Մեր դիվանագիտական ընտանիքը կորցրեց մեծ մարդու: Մենք կորցրեցինք հիանալի ընկերոջ: Արման Կիրակոսյանի իմաստությունը, հավատարմությունն ու նվիրումը մեր ոգեշնչման աղբյուրն է լինելու, նրա հիշատակը մեզ ղեկավարելու է», - ասել է նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, 63 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը, ով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել նորանկախ Հայաստանի դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման ակունքներում և իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ գործում։