Լեզվի կոմիտեն ճարահատյալ դիմել է դատարան

Օտարալեզու գրառումների սիրահարները ստիպված կլինեն 250 հազար դրամ տուգանք վճարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Լեզվի կոմիտեն 22 տնտեսավարողների կողմից «Լեզվի մասին» օրենքի խախտման դեպքերով դիմել է վարչական դատարան։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:

«Մենք ասում էինք, որ կոմիտեն դատարաններին չի դիմելու, հորդորելու ենք, կոչ ենք անելու, որ տնտեսավարողները շտկեն լեզվի հետ կապված խախտումները։ Դիմել ենք նաև տնտեսավարողներին, որ ուղղեն, շտկեն իրենց ցուցանակները, գովազդը և այլն։ Սակայն տեսանք, որ հորդորները ոչ բոլոր դեպքերում են աշխատում: Եվ մենք դիմեցինք վարույթ հարուցելու տարբերակին»,- ասաց նա։

Չելյաբինսկում Բայրամյանը հոգ է տանում Սու-24-ի մասին և հայերեն սովորեցնում զավակներին

Գյուրջինյանը հայտնեց, որ տնտեսավարողները տևական ժամանակ չէին արձագանքում ցուցանակները, գովազդները փոխելու իրենց հորդորներին։

«Հարցի արծարծումը կնպաստի, որ հաջորդ մեկը այդ SAS ու Sity-ի պատմությունը չկրկնի։ Մեր ազգային դիմագիծը կորսվում է։ Պետք է պահպանել։ Մարդիկ երանությամբ են դիմում օտար տառերի, դա ուղղակի անհասկանալի է»,– ասաց կոմիտեի նախագահը։

Լեզվի կոմիտեի դիտարկած ամենատարածված խնդիրն այն է, որ ցուցանակներում հայերեն գրառումն ընդհանրապես բացակայում է: Տնտեսավարողները հիմնականում դիմում են օտարալեզու գրառումների:

Քաոսը ներդաշնակության է վերածում. ֆրանսիահայ երգիչը`հայրենիքի, Ազնավուրի հետ դուետի մասին

«Մենք կոչ ենք անում տնտեսավարողներին վերանայել մոտեցումնը հայերենի նկատմամբ, այլապես ստիպված կլինեն 250 հազար դրամն «աչքի առաջ ունենալ»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը` հավելելով, որ նման խախտման համար ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենքն այդքան տուգանք է սահմանում։