Բանկերին ու գրավատներին Հայաստանում ուզում են «բեռի տակ մտցնել». որքանո՞վ և ինչո՞ւ

Հայաստանում նվազեցնում են շահութահարկը։ Սակայն, նախևառաջ ուզում են օգնել տեղական արտադրանքին, և ոչ թե առևտրին և բանկերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Հայաստանում ֆինանսական կազմակերպությունների  համար պետտուրքն ուզում են բարձրացնել։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այսօր հայտարարեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Ուզում ենք արդար հարկ սահմանել խաղատների և տոտալիզատորների համար. փոխնախարար

Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է. օգնել արտահանմանը միտված ոլորտներին (արտադրությանը) և նվազեցնել նրանց համար հարկային բեռը ոչ առաջին անհրաժեշտության ապրանքների սպառման և այն ընկերությունների հաշվին, որոնք տնտեսության մեջ մեծ ավելացված արժեք չեն ապահովում (օրինակ, խաղատները կամ գրավատները)։

2020 թվականից սկսած երեք տարվա ընթացքում, հանրապետությունում մտադիր են 20–ից 18% իջեցնել շահութահարկը բոլոր ընկերությունների համար։ Կշահեն և՛ գործարանները, և՛ սուպերմարկետները, և՛ բանկերը, սակայն օգնել ուզում են նախևառաջ գործարաններին (արտադրությանը)։ Այդ պատճառով այն օգուտից, որ կստանան ֆինանսական ընկերությունները, ինչ–որ մաս (մոտ 30%) նրանց կխնդրեն հետ վերադարձնել բյուջե։ Ընդհանուր առմամբ Հայաստանի 17 բանկերը հարկի իջեցումից կշահեն շուրջ 1 մլրդ դրամ, վարկային կազմակերպությունները` մոտավորապես նույնքան։

«Մենք հաշվի ենք առնում, որ բանկերը ևս մասնակցում են արտահանմանը միտված արտադրությունների աշխատանքներին` նրանց վարկեր տրամադրելով։ Այդ պատճառով մենք առաջարկում ենք բարձրացնել դրանց ֆիքսված տուրքերը, բայց ոչ այնքան, որպեսզի դրանք ամբողջությամբ չեզոքացնեն օգուտը հարկերի իջեցումից։ Այլ միայն 30 տոկոսի չափով», – նշեց Թունյանը։

Հայաստանում տաքսիստներին կազատեն տուրքերից, բայց հների համար կստիպեն վճարել

Իսկ ինչպե՞ս բաշխել այդ բեռը շուկայի մասնակիցների` բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, գրավատների, փոխանակման կետերի միջև։

Այս հարցում ԿԲ–ն միանշանակ կարծիք ունի. նախևառաջ պետք է բարձրացնել հարկային բեռը գրավատների և փոխանակման կետերի համար։ Ինչո՞ւ դրանց, և ոչ բանկերի համար։

Բանկերն ավելի մեծ արժեք են ստեղծում տնտեսության համար`ավանդներ ընդունելով։ Միևնույն ժամանակ, դրանց եկամտաբերությունն ավելի ցածր է, քան վարկային կազմակերպություններինը, իսկ գրավատներն ընդհանրապես աշխատում են 50% և ավելի եկամտաբերությամբ, ընդգծեց ԿԲ խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը։

Բանկերի կապիտալի եկամուտը 5-6% է, վարկային կազմակերպությունները` ավելի քան 20%, գրավատներին` 50% և ավելի, քանի որ բանկերը վարկեր են տրամադրում հիմնականում ավանդներից, որոնք պետք է վերադարձնել։ Վարկային կազմակերպությունները ավանդներ չեն ներգրավում։ Վարկերի տրամադրման համար գումար նրանք հիմնականում ներգրավում են իրենց հիմնադիրներից և նրանց շրջապատի մարդկանցից։ Իսկ գրավատները աշխատում են գրեթե ամբողջությամբ սեփական միջոցների հաշվին, որոնք ոչ ոքի վերադարձնել պետք չէ, ընդգծեց նա։

Մետաղական աղբով լի մեքենաներ` կառավարության մոտ. ինչի դեմ են բողոքում տնտեսվարողները

«Այդ պատճառով մենք ուզում ենք լավ պայմաններ ստեղծել նախևառաջ բանկերի համար, քանի որ տնտեսության համար նրանց ծառայությունների ծավալն ավելի ընդարձակ է։ Իսկ ինչ վերաբերում է գրավատներին, ապա դրանց շրջանառությունը շատ դժվար է վերահսկել։ Իսկ որպեսզի որևէ մեկի մոտ գայթակղություն չառաջանա օգտվել դրանից, պետք է մեծ հարկ և տուրք սահմանել։ Այսպիսին է միջազգային փորձը», – ավելացրեց Ստեփանյանը։

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների սպասվող նախագծով նախատեսվում է բանկերի համար ավելացնել տարեկան պետական տուրքը 3-ից 8 մլն դրամ: Սա ֆիքսված տուրք է, որը մյուս հարկերը չի չեղարկում։

Բացի այդ, առաջարկվում է տուրք սահմանել բանկի յուրաքանչյուր մասնաճյուղի համար` 500  հազար դրամի չափով։  Գրավատների համար տարեկան պետական տուրքը ուզում են բարձրացնել 100 հազար դրամից մինչև 2 մլն դրամ (6 միլիոնի փոխարեն), իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից մինչև 1 մլն դրամ (3 միլիոնի փոխարեն)։ Ընդ որում` առաջին տարին գրավատների և փոխանակման կետերի համար ավելի ցածր տուրք է առաջարկվում սահմանել. 1.5 մլն և 50 հազար դրամ համապատասխանաբար։