Մի 30 միլիարդ և վերելակները վայրընկնակներ չեն դառնա. բայց ուղևորն է վճարելու…

Հայրենի, ավելի ճիշտ՝ Երևանի վերելակների վիճակը լավ չէ: Ոչ բոլորինն, իհարկե, բայց շատերինը: Մոտավոր, մի 3600 վերելակ արդիականացման կարիք ունի, կամ ընդհանրապես պետք է փոխարինվի:
Sputnik

Օրերս այս խնդրին, որ տարիների ընթացքում թնջուկի է վերածվել, ինչպես գիտեք, անդրադարձավ Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը: Առիթն, իհարկե, Աջափնյակի շենքերից մեկում արձանագրված դեպքն էր, երբ վերելակի 4 ճոպաններից մեկն էր պոկվել, և փոխադրախցում գտնվողները արագ հայտնվել էին առաջին հարկում, բարեբախտաբար՝ առանց վնասվածքների, բայց և սաստիկ ահաբեկված: Նման դեպքերում ասում են՝ լավ պրծանք, ում էինք մի կտոր հաց տվել…

Երևանյան շենքերի վերելակները բնակիչների հաշվին կփոխեն. իշխանությունը նոր բանաձև է մշակել

Մի խոսքով, վերելակներ կան մեր բազմաբնակարան, բարձրահարկ շենքերում, որ այնպիսի ճռնչյունով են մագլցում հարկ-հարկ, կամ հակառակը, այնպիսի դղրդոցով են իջնում, որ դրանց խցիկում գտնվող մարդկանց, եթե կուզեք՝ ուղևորների «շաքարը բարձրանում» է: Պարզ է, փոխել է պետք: Ու դա պարզ է, արդեն երևի մի երկու տասնամյակ: Այսպես որ գնա, երևի վերելակներում, ասենք դրանց մի մասում, եղած հայելու կողքը կամ հայելու փոխարեն կարելի է աղոթքի ու մոմ վառելու անկյուն ձևավորել: Խորը հավատով խաչակնքում ես ու հետո միայն ուղևորվում՝ վեր, թե վար, կարևոր չէ:

Օրերս Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խոսեց վերելակների խնդրի մասին: Նա դեռ արտահերթ ընտրություններից առաջ, ինչ-որ խոստումներ էր տվել վերելակների հետ կապված, այսինքն՝ այդ խնդիրը լուծելու: Այս անգամ հայտնեց, որ վերելակներն ամբողջությամբ փոխելու ընդգրկուն ծրագիր են կազմում, որ բազմամիլիոնավոր դոլարներ են պահանջվում նման մասշտաբային ծրագիր իրականացնելու համար:

«Քանի որ վերելակները պատկանում են բնակիչներին, մեր խնդիրն է, որ փոխարինենք վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ գումարը վճարեն, քանի որ այդ վերելակն իրենցն է լինելու»,-բացատրեց սիրելի քաղաքապետը:

Տրամաբանական է, իհարկե: Ու արդարացի: 

Բելառուսը գիտի` ինչով ու ինչպես փոխարինել երևանյան շենքերի «մահացու վերելակները»

Ասել կուզի՝ այո, վերելակների արդիականացման ծրագիր ունեն, խոստումները կկատարվեն, բայց, բնակիչները պիտի վճարեն: Կամ էլ, վերելակի սպասարկման վճարի չափը պիտի աճի, որոշ չափով, որ մի 15-20 տարվա մեջ արդիականացման ծախսերի տեղը դուրս գա:

Անխուսափելիորեն, տարբեր կողմերից տարակուսած արձագանքներ եղան՝ էհ,  բնակիչների վճարելու տարբերակով հարցի լուծման ձևը առանց այդ էլ կար ու կար:

Թերևս նման արձագանքների առատությունը նկատելով, նաև Հայկ Մարությանի ասածի արձագանքները մեղմելու, վերելակային խնդրի բոլոր կոճակները, ճոպաններն ու շարժիչները համակարգված իրենց տեղերը դնելու համար վերելակասեր հանրությանն օրերս ներկայացավ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Նա հայտնեց, որ ընդգրկուն ծրագիր է մշակվում, այն ավարտական փուլում է, շուտով նաև կառավարությանը կներկայացվի:

Դե, լավ է, որ ծրագիրը վերելակով չի գալիս:

Ինչ վերաբերում է կոնկրետ բովանդակությանը, ապա փոխքաղաքապետի խոսքով, Երևանում 3600 վերալակ ամբողջապես արդիականացնելու համար, ըստ նախնական հաշվարկների, կպահանջվի ավելի քան 30 միլիարդ դրամ: Հասկանալի է, որ Երևանի քաղաքապետարանը այդ ծավալի միջոցներ չունի:

«Ու՞ր է լիազորը». երևանցի ծրագրավորողները կօգնեն հետևել բակին ու մուտքին

Ավելի ճիշտ, ունի, բայց դա մայրաքաղաքի տարեկան ծախսերի ամբողջությանն է հավասար գրեթե:

«Եթե քաղաքն ինքնուրույն և ամբողջությամբ այս ծրագիրը իրականացնի, ապա անհրաժեշտ կլինի քաղաքում որևէ այլ ծրագրով բյուջետային ծախսեր մեկ ամբողջ տարի չիրականացնել, ուստի մեր նախագծած մոդելը ներառում է կառավարության աջակցությունը և լրացուցիչ ռեսուրսների ներգրավում»,-բացատրեց քաղաքապետի տեղակալը:

Իսկ դա նշանակում է նաև վարկային, դրամաշնորհային միջոցների ներգրավում: Եթե վարկեր, հասականալի է, որ դրանք պիտի մարվեն: Դրա տարբերակն էլ անհայտ չէ: Այժմ մեկ բնակարանից գաձվող «վերելակի սպասարկման վարձը», միջինացված, կազմում է 1600 դրամ:

Ի՞նչ վիճակում են Երևանի շենքերի վերելակները. ԱԻՆ–ը ստուգումներ է անցկացրել

Էլի, ըստ նախնական հաշվարկի, եթե այդ միջինացված վարձի չափը 20-30 տոկոսով բարձրացվի, ապա 20-25 տարվա ընթացքում արված ծախսը կծածկվի: Դե, իսկ 20-25 տարի հետո, արդեն նոր վերելակային ծրագրի կարիք կլինի, երևի, բայց առաջ չընկնենք:

Եթե կարճ՝ վերելակները «թարմացնելու» համար լուրջ վարկային միջոցներ են պետք, այդ վարկերը մարելու համար՝ բնակչության վճարումների չափի որոշ ավելացում, ասենք, ներկայիս միջինացված 1600-ը կդառնա ամիսը 2000-2100 դրամ: Մի հատուկ գյուտ չէ, իհարկե, ավելին, այնպես չէ, որ առաջներում հարցի արմատական լուծման ուրիշ տարբերակներ էին մտմտում կամ նշում քաղաքային զանազան պաշտոնյաները, երբ դրա մասին հարց էր բացվում:

5000 պոտենցիալ մարդասպան, կամ ինչպես ողջ մնալ երևանյան վերելակներում

Սա, ինչպես հասարակական տրանսպորտի արդիականացման դեպքում: Ուղեվարձի թանկացում՝ նոր ավտոբուսներ, նոր տրանսպորտային վիճակ:

Տարբերությունը հիմնականում այն է, որ եթե դա ասում կամ փորձում էին անել քաղաքի նախկին կառավարիչները, ներկայիս կառավարիչ դարձածները կամ նրանց համախոհները աղմուկ-աղաղակ էին անում բազմաթիվ բնակիչների հետ: «Դեմ ենք 150 դրամին»,  «դեմ ենք վարձերի, հարկերի բարձրացմանը», առհասարակ՝ «դեմ ենք» ու՝ վերջ:

Բայց հիմա, ինչպես ասվում է, իրավիճակ է փոխվել, և նույն բանն ասող կառավարիչներին առանձնապես «դեմ ենք» ասողներ չեն նշմարվում:

Հասկանալի է, որ եթե վերելակների սպասարկման վարձի բարձրանալու դեմ մարդիկ համատարած բողոքեն էլ, անգամ բոյկոտեն վերելակների աշխատանքը, ապա քաղաքապետ Հայկ Մարությանը կամ քաղաքապետարանի պաշտոնյաները մարդկանց գրկած չեն բարձրացնելու՝ հարկից հարկ, ինչպես ասենք, տարիներ առաջ իրենց մեքենաներով տեղափոխում էին՝ աջակցելով հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ ծավալված «150 դրամ չեմ վճարի» ակցիային:

Կարճ ասած, առաջ նույն բանն ասեին՝ կսուլեին, իսկ հիմա գուցե նույնիսկ ծափահարեն: Որովհետև նաև նախկին սուլողներն են ասում:

Իսկ ուղևորների, այդ թվում՝ վերելակների ուղևորներիս համար կանոնը նույնն է և անփոփոխ. «Սիրո՞ւմ ես վերելակով երթևեկել, սպասարկման վարձի ծանրությունը քարշ տալուց էլ մի խորշիր»: Ինչպես միշտ: