Փաշինյան–Բեթել հանդիպում. ՀՀ–ն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն համագործակցությանը

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանի լյուքսեմբուրգյան պաշտոնական ընդունելության 1–ին կադրերը. տեսանյութ

Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերոջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը հասնել հաջողությունների և իրականացնել նախանշված ծրագրերը Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները:

Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով:

Գործադիրի ղեկավարը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը:

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և կարևորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառմանը:

Փաշինյանն ու Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Նիկոլ Փաշինյանն արդեն Լյուքսեմբուրգում է. ի՞նչ է նախատեսված այցի ընթացքում

Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդլայնել կապերն ու ավելացնել առևտրաշրջանառության ծավալները:

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Քսավյե Բեթելն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը նաև կրթության ոլորտում, մասնավորապես, բուհերի միջև և իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:

«Made in China» վարկն ու չինացիների փորձը. ի՞նչ ակնկալել Փաշինյանի պեկինյան այցից

Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան և նշել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետև Փաշինյանը և Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ ՀՀ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 12-13-ին աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն և Բրյուսել։

Վարչապետի պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը։