ՀՀ նախագահն ու վարչապետը ցավակցական հեռագրեր են հղել Շրի Լանկայի նախագահ Սիրիսենային

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է Շրի Լանկայի սարսափելի ոճրագործությունները և վերահաստատում իր հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համատեղ պայքարելու ահագնացող «ահաբեկչություն» չարիքի դեմ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 Ապրիլ — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի ժողովրդավարական սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային:

Հայերի առկայությունը Շրի Լանկայի պայթյունների զոհերի կամ վիրավորների շրջանում ճշտվում է

Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ, հիշեցնենք, այսօր՝ ապրիլի 21-ին երկրում տեղի են ունեցել 8 ահաբեկչական գործողություններ, որոնց զոհ է գնացել վերջին տվյալներով 207 մարդ, վիրավոր են 450-ը։ 

«Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Շրի  Լանկայի բարեկամ ժողովրդին՝ Սուրբ Զատկի տոնակատարությունների ժամանակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնք հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների պատճառ դարձան»,- գրված է ՀՀ վարչապետի հղած ցավակցականում:

Հայաստանի Հանրապետությունը խստորեն դատապարտում է այդ սարսափելի ոճրագործությունները և  վերահաստատում իր հանձնառությունը՝ միջազգային հանրության հետ համատեղ պայքարելու մեր օրերում ահագնացող այդ չարիքի դեմ:

Վարչապետը Շրի Լանկայի համար այս դժվարին պահին խորին ցավակցությունն է հայտնել երկրի նախագահին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով ուժ և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Շրի Լանկայի պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 215

Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Մաիտրիպալա Սիրիսենային ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Արմեն Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում: