Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման պահը շատ մոտ է. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտգործնախարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման պահը շատ մոտ է։ Այս մասին Sputnik Արմենիայի ու Yerkir.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը գաղտնի այցելե՞լ է Մոսկվա. նախարարի պարզաբանումը

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրին, հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը կարող է կայանալ Վիեննայում մարտի 29–ին։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը ո՛չ հերքել էր և ո՛չ էլ հաստատել այդ տեղեկությունը։

Sputnik Արմենիայի թղթակիցը հանդիպման մասին փորձեց ճշտել ՀՀ արտգործնախարարից։ Նա նշեց, որ կողմերի միջև որոշակի մշակույթ է ձևավորվել` այս կամ այն հանդիպման մասին հայտնել միայն միմյանց հետ համաձայնեցնելուց հետո։

«Հանդիպման պահը շատ մոտ է։ Մենք պետք է հարգենք միմյանց։ Ինչպես Հայաստանը, այնպես էլ ադրբեջանական կողմն ու համանախագահները միաժամանակ կհայտնեն հանդիպման մասին», – նշեց նախարարը։

Խոսելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության մասին` Մնացականյանն ասաց, որ այդ հարցը Հայաստանի համար շատ կարևոր է։

«Դա մեզ համար սկզբունքային հարց է։ Սա նախապայման չէ, այլ արդյունավետ բանակցությունների կարևոր գործոն, դա պրագմատիկ մոտեցում է, որի իրականացումը թույլ կտա առաջ շարժվել», – նշեց ՀՀ արտգործնախարարը։

Նա ավելացրեց, որ Ստեփանակերտի` բանակցությունների սեղան վերադառնալու հարցը շարունակվելու է քննարկվել։