Քոչարյանի ելույթը հետաձգվեց. նա կխոսի փետրվարի 1-ի նիստում

Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Երկրորդ նախագահը կներկայանա նաև այդ նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ փաստաբանների ներկայացրած բողոքի քննությունը հետաձգվեց մինչև փետրվարի 1-ը։ Այս մասին դատական դռնփակ նիստից դուրս գալով հայտնեց դատախազ Վահագն Մուրադյանը։

Նա նշեց, որ դատական այսօրվա նիստի ընթացքում Քոչարյանի փաստաբանները ներկայացրել են իրենց բողոքը, մեղադրական կողմը միայն լսողի դերում է եղել, բայց վաղվա նիստում առարկություններ կներկայացնի։

Ռոբերտ Քոչարյան. «Մարտի 1-ի մասին ֆիլմում պետք է լինեին նաև Տեր–Պետրոսյանն ու Փաշինյանը»

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դատական նիստի ընթացքում Քոչարյանը չի հասցրել հայտարարությամբ հանդես գալ և հույս հայտնեց, որ դա կանի վաղը։

Մինչ այդ Ալումյանը լրագրողներին հայտնել էր, որ Քոչարյանը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ։ Թե ինչ է ասելու նա, պաշտպանը չգիտի։ Փաստաբանը վստահեցրեց, որ իր պաշտպանյալի պատրաստած ելույթի տեքստին ծանոթ չէ, և որ այն գրել է անձամբ Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ այսօր դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացնում են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը ևս 2 ամսով երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ իրենց բողոքը։

Հիշեցնենք` Վերաքննիչ դատարանում բողոքի քննությունը սկսվել էր հունվարի 29-ին։ Դատական առաջին նիստում Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին իրենց բողոքը, իսկ մեղադրական կողմը դատարանին խնդրել էր ժամանակ տրամադրել դրան ծանոթանալու և հակափաստարկներ ներկայացնելու համար:

Հունվարի 18-ին առաջին ատյանի դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 ամսով երկարացնելու վերաբերյալ և մերժել՝ պաշտպանների միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին: