Նիկոլ Փաշինյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում. տեսանյութ

Տեսանյութում դիտեք` ինչպես անցավ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Sputnik

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպեցին Մոսկվայում։

«Արդեն հաշիվը կորցրել եմ». Փաշինյանը կատակեց Պուտինի հետ հանդիպման ժամանակ

Հանդիպմանը ներկա էին արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ու բազմակողմ ձևաչափով համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Ողջունելով Նիկոլ Փաշինյանին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է. «Շատ ուրախ ենք տեսնել Ձեզ Մոսկվայում: Սա Ձեր առաջին այցն է ընտրություններում Ձեր և Ձեր կողմնակիցների համոզիչ հաղթանակից հետո: Ցանկանում եմ Ձեզ մաղթել հաջողություններ, բոլոր ծրագրերի իրականացում, որ դրել էիք Ձեր առջև, Ձեր թիմի առջև ի բարօրություն Հայաստանի և հայ ժողովրդի»։

Պուտինը խոսել է հայ–ռուսական հարաբերությունների մասին։

«Մեր հարաբերությունները բնութագրման կարիք չունեն: Դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են` բավական մեծ բովանդակությամբ լեցուն: Բավական է նշել, որ մենք վստահորեն պահպանում ենք առաջին տեղն օտարերկրյա պետությունների շարքում Հայաստանի հետ տնտեսական  համագործակցության ոլորտում. Ռուսաստանին բաժին է ընկնում 25.5 տոկոսը: 2000-ից ավելի ձեռնարկություն է աշխատում, 2200 ձեռնարկություն: Աճում է ապրանքաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է գրեթե 30 տոկոսով` 29.7 տոկոսով: Այս տարվա 10 ամսվա կտրվածքով այն ավելացել է գրեթե 18 տոկոսով` 17.5  տոկոսով»,– ասել է նա:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է. Վլադիմիր Պուտին

Պուտինի կարծիքով` դինամիկան լավն է, պետք է պահպանել:

«Մենք պատրաստ ենք մեր կողմից դա անել: Կանենք այն ամենը, ինչ կախված է մեզնից, որպեսզի հարաբերությունների այսպիսի մակարդակը մեզ մոտ պահպանվի և ոչ միայն այս ոլորտում, այլև մյուս ուղղություններով: Նկատի ունեմ նաև անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ շրջանակում համագործակցությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում բազմակողմ տնտեսական համագործակցությունը: Մի խոսքով` մենք շատ հարուստ, հագեցած օրակարգ ունենք:  Շատ ուրախ ենք Ձեզ տեսնել: Բարի գալուստ»:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Շնորհակալ եմ հրավերի համար: Ես էլ եմ շատ ուրախ տեսնել Ձեզ, տեսնել մեր գործընկերներին: Ես արդեն կորցրել եմ հաշիվը, թե սա մեր որերորդ հանդիպումն է: Բայց օդանավակայանում արարողակարգի աշխատակիցներն ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախ այցելող օտարերկրյա ղեկավարներից եմ, ավելի կոնկրետ` ես ղեկավարների եռյակում եմ: Վստահ եմ, կարծում եմ` դա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունների համատեքստը: Վստահ եմ, որ մեր հարաբերությունների այսպիսի դինամիկան կպահպանվի: Հույս ունեմ, որ նաև կզարգանա: Իհարկե, մենք մյուս տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում: Դա մեզ համար շատ ուրախալի կլինի»:

Փաշինյանը նույնպես անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններին։

«Իհարկե,  մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգանում են: Ուրախալի է տեսնել, որ աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը, մասնավորապես, Հայաստանի նկատմամբ. ռուսաստանյան ԶԼՄ-ներում հրապարակում կար, որ ամանորյա սեզոնին Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենահայտնի ուղղությունն է, և նախորդ տարվա համեմատ զբոսաշրջիկների հոսքը կաճի 70 տոկոսով: Դա առնվազն նշանակում է, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլև Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում, նրանք իրենց շատ լավ են զգում, և դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը: Դրանք ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլև մարդկային  հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ են, և վստահ եմ, որ այդ բոլոր հարաբերությունները կզարգանան»,– ասել է նա: