Արամ Սարգսյանն ընտրատեղամաս էր եկել լավ տրամադրությամբ

«Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը խոսեց իր տրամադրության ու երազանքների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. «Մենք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը քվեարկեց հանուն Հայաստանի այսօրվա և ապագայի։ Այսօր` դեկտեմբերի 9-ին, իր ընտրությունն այսպես մեկնաբանեց նա` նշելով, որ ընտրական տեղամաս է եկել լավ տրամադրությամբ։

Սարգսյանը քվեարկելուց հետո կատակեց. «Ո՞ր բարբառով խոսեմ։ Գյումրո՞ւ»

«Գիտեք` ինչքան եմ երազել այս օրվա մասին, որ մեր ժողովուրդն առանց խախտումների, առանց փող վերցնելու, առանց ճնշումների, հանգիստ, իր կամքով գա ընտրության։ Իմ կյանքի 18 տարին նվիրել եմ դրան»,– ասաց Սարգսյանը։

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքին` թեկնածուն ասաց, որ սա իր տեսած լավագույն քարոզարշավն էր, որտեղ բոլորն ունեին հավասար հնարավորություններ։

Միակ թերությունը, ըստ նրա, քարոզարշավին հատկացված կարճ ժամանակն էր, որի կարիքը հատկապես ունեին հանրությանը ոչ այնքան հայտնի թեկնածուներն ու ուժերը։

ԱԺ ընտրությանը մասնակցում են 9 կուսակցություն, 2 դաշինք։ Ցուցակներում ընդգրկված են 1444 թեկնածու, որոնցից 12 –ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

Հայաստանի ամբողջ տարածքում բացվել են 2010 ընտրատեղամասեր, դրանցից մի քանիսը` ՔԿՀ–ներում։ Իսկ այն քաղաքացիները, որոնք զրկված են տեղամաս այցելելու հնարավորությունից, իրենց ընտրությունը կկատարեն 41 շրջիկ արկղերի միջոցով։