Միքայելյան ամուսինները` Արմանն ու Մարինեն, ՀՀ Գեղարքունիքի մարզում պանրի բացառիկ տեսակներ են արտադրում` «Առոմա դել վինո» (գինով պանիր) և «Կոնյակ թրադիշնս» (կոնյակով պանիր)։
2012 թվականին ընտանիքը որոշել է Երևանից Գավառ տեղափոխվել, որտեղ էլ սկսել է զբաղվել պանրի արտադրությամբ։
Ամուսինները կիսել են պարտականությունները։ Արմանը տնտեսագետ է, զբաղվում է մարքեթինգով և լոգիստիկայով, իսկ Մարինեն կենսաքիմիկ է. պանիր պատրաստելու նոր տարբերակներ է հորինում և պատրաստում։ Պանրի երկու տեսակները հանպատրաստից են ստացվել։ Գաղափարի հեղինակը Արմանն է, բայց այն կյանքի է կոչել կինը։
Բացի Ռուսաստան արտահանվող պանրի տեսակներից (գինու և կոնյակի բույրով), ամուսինները նաև պատրաստում են կաչոտտա, խաղողի տերևի մեջ փաթաթած պանիր և պարմեզանի տեսակ, որի յուրահատուկ համի համար «Արմեզան» են կոչում։ Որպես կանոն` պանրի տեսականու հետ նրանք նաև սպիտակ կամ վարդագույն չոր գինի են մատուցում։
Զբոսաշրջային սեզոնին հյուրեր են ընդունում աշխարհի տարբեր անկյուններից։ Աշխարհագրությունը մեծ է` Ռուսաստանից մինչև Եվրոպայի ու Ասիայի երկրներ։ Յուրաքանչյուր հյուր որևէ նոր բան է սովորեցնում և նպաստում նրանց բիզնեսի զարգացմանը։ Այստեղ պանրագործներ են եկել Իտալիայից, Ֆրանսիայից և Շվեյցարիայից։ Բոլորին հետաքրքրել են «ոգելից պանիրները», և նրանք փորձել են պարզել պատրաստման տեխնոլոգիան։